Իրանը սեփական արտադրության երկրորդ արբանյակն է արձակել մեկ ամսվա ընթացքում
Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Հունվարի կեսին Իրանն անցկացրել է հայրենական արտադրության արբանյակի՝ ազդարարված երկու արձակումներից մեկը.
«Փայամ» («Ուղերձ») արբանյակն այն ժամանակ չհաջողվեց ուղեծիր դուրս բերել, սակայն իշխանությունները հայտնեցին «Դուստի» արբանյակի արձակման մտադրության մասին: «Իրանցի գիտնականների ուժերով եւ աստծո օգնությամբ երեկ «Շափյուղա» կրող հրթիռով արձակվել է «Դուստի» կապի արբանյակը, որը դուրս է եկել ուղեծիր»,- IRNA գործակալությունը մեջբերում է Իրանի պաշտպանության փոխնախարարի խոսքը, որն այդ մասին հայտարարել է փետրվարի 6-ին:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը պլանավորում Է այդ արբանյակն արձակել երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ, որը նշվում է փետրվարի սկզբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: