Թրամփը Դևիդ Մելփասին առաջադրեց Համաշխարհային բանկի նախագահի թեկնածու
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 6-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի միջազգային գործերով տեղակալ Դեւիդ Մելփասի թեկնածությունն առաջադրել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավարի պաշտոնի համար: Միացյալ Նահանգների ղեկավարը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տանը թեկնածուի, լրագրողների եւ կաբինետի անդամների ներկայությամբ։
62-ամյա հանրապետական Դեւիդ Մելփասը 2016 թվականին Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ եղել է նրա ավագ տնտեսական խորհրդականը: 2017 թվականի սեպտեմբերից նա զբաղեցնում է արտաքին գործերի գծով ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:
Համաշխարհային բանկի՝ այժմ արդեն նախկին նախագահ Ջիմ Յոն Կիմն իր պաշտոնից հեռացել է փետրվարի 1-ին: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: