ՆԱՏՕ-ի երկրները արձանագրություն ստորագրեցին դաշինքին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին
ՆԱՏՕ-ի մասնակից 29 երկրների ներկայացուցիչները փետրվարի 6-ին Բրյուսելի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել դաշինքին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին:
Երկիրը պաշտոնապես կսկսի մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի հաստատությունների աշխատանքին, բայց առայժմ հրավիրված անդամի կարգավիճակով: Այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի բոլոր 29 երկրները կվավերացնեն արձանագրությունը, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը կդառնա դաշինքի 30-րդ անդամը:
«Արձանագրության ստորագրումը բացում է վավերացման գործընթացը, եւ հուսով եմ, որ այն կանցնի արագ, եւ մենք կկարողանանք ողջունել ՆԱՏՕ-ի նոր՝ 30-րդ անդամին: Իսկ առայժմ երկիրը նիստերին կսկսի մասնակցել որպես հրավիրյալ»,- փետրվարի 6-ի արարողությանն ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովը արարողության ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը ավելի մեծ վստահություն է ներշնչել իր երկրին: Նա նաեւ հայտնել Է, որ առաջիկայում պլանավորում է այցելել դաշնակիցների մայրաքաղաքներ՝ կապված վավերացման գործընթացի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: