Թրամփը հանրապետականներին և դեմոկրատներին կոչ է արել համատեղ աշխատել ԱՄՆ-ի բարօրության համար
Հանրապետականները եւ դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում պետք է համատեղ աշխատեն բոլոր ամերիկացիների բարօրության համար: Փետրվարի 5-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր միլիոնավոր համաքաղաքացիներ են այժմ նայում մեզ՝ այս հոյակապ դահլիճում հավաքվածներիս, հուսալով, որ մենք երկիրը կկառավարենք ոչ թե որպես երկու կուսակցություն, այլ կլինենք որպես մեկ ազգ»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով, որն ուղիղ եթերով հեռարձակվել է խոշոր հեռուստաընկերությունների կողմից:
Թրամփի խոսքով՝ հանրապետականները եւ դեմոկրատները պետք է միավորեն ջանքերը եւ կատարեն ԱՄՆ-ի ենթակառուցվածքի ընդգրկուն արդիականացում, որը վերջին ժամանակներս անկման է հասել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: