Ապարանցի Պավլիկը շարունակում է զենքի գործադրման մասին ակնարկել․ Փաշինյանի իշխանության ամենամեծ սխալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ սխալը եղել ու մնալու է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ազատ արձակելու քաղաքական որոշումը: Համենայն դեպս, այդ խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանն ամեն քայլափոխի ապացուցում է դա:

Խոսքն այստեղ միայն նրա ապերախտ, երախտամոռ պահվածքին չի վերաբերում, երբ վերջին հարցազրույցում, խոսելով ազատ արձակման մասին, ասել է. «Ես թքած ունեմ նման արդարության վրա եւ մեր խափանման միջոցը փոխելու, «լկստված» համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր»:

Այստեղ խնդիրն ավելի լուրջ է: Քննադատելով իշխանություններին` Մանուկյանն ասել է՝ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ըմբոստանալ, ընդ որում՝ չբացառելով կրկին զենքի դիմելը: «Ես չեմ ասում՝ պարտադիր է դա, բայց եթե պետք լինի… անցյալ իշխանությունը պետական տեռոր էր իրականացնում. եթե նույն բանը լինի, իհարկե, ապստամբելու եմ, իմ ժողովրդի համար եմ չէ՞ անում»: Բացի այդ, նա հայտարարել է. «Ամբողջը ավգյան ախոռների են վերածել: Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել»:

Ու այս խոսքերի հեղինակը մի մարդ է, որը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէր պատկերացնի՝ ինքը եւ, ընդհանրապես, զինված խմբավորման անդամներն ազատ կարձակվեին: Նրանց սպառնում էր ցմահ ազատազրկում, նախկին իշխանությունը որոշումը կայացրել էր, ուղղակի իրագործմանը խանգարեց թավշա հեղափոխությունը:

Այսօր Պավլիկ Մանուկյանն ու ընկերներն ազատության մեջ են ու սա բացառապես Փաշինյանի ղեկավարած թավշյա հեղափոխության արդյունքում, Փաշինյանի իշխանության քաղաքական կամքի շնորհիվ: Այն Փաշինյանի, որի մասին ՊՊԾ գնդի գրավման օրերին Պավլիկն ասել էր. «Նիկոլին մի՛ լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք, Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվե՛ք գանգին՝ չերեւա»: Նրան այս խոսքերը Ն.Փաշինյանը հեշտ ներեց: Ինչպես տեսում եք, շատ իզուր. Ապարանցի Պավլիկը շարունակում է զենքի գործադրման մասին ակնարկել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս