Թրամփը Կոնգրեսում իր ելույթին հրավիրել է նույն ազգանվամբ մի դպրոցականի
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր առաջիկա ելույթին հրավիրել է նույն ազգանվամբ մի դպրոցականի, որի վրա ծիծաղում են դասարանի մյուս աշակերտները: Միացյալ Նահանգների ղեկավարը փետրվարի 5-ին «Երկրի դրության մասին» ամենամյա ավանդական ուղերձով պետք է դիմի Սենատին ու Ներկայացուցիչներին պալատին։
Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, նախագահից եւ նրա տիկնոջից՝ Մելանյայից, հրավեր ստացած տղային կոչում են Ջոշուա Թրամփ: Նա սովորում է Ուիլմինգթոն քաղաքի (Դելավերի նահանգ) դպրոցներից մեկի վեցերորդ դասարանում: «Ցավոք, դպրոցում Ջոշուային ծաղրում են իր ազգանվան պատճառով: Նա շնորհակալ է առաջին տիկնոջը եւ Թրամփի ընտանիքին աջակցության համար»,-նշել է մամուլի ծառայությունը:
«Երբ ուսուցիչը հարցնում է՝ «Ջոշուա Թրամփ, դու այստե՞ղ ես», ես պատասխանում եմ՝ «Այո», եւ գրեթե բոլորը ծիծաղում են ինձ վրա, բացի իմ ընկերներից»,-պատմել է տղան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, նախքան Սպիտակ տունը հայտարարել է հրավերի մասին: Ծնողները որոշ ժամանակ նույնիսկ փորձել են երեխայի ուսուցումը տանը կազմակերպել, իսկ այնուհետեւ նրան տեղափոխել են ուրիշ դպրոց, բայց նրան շարունակել են ծաղրել նաեւ այնտեղ:
Հասակակիցները Ջոշուային այնքան կոպիտ էին վերաբերվում, որ ուսուցիչները որոշեցին ընդհանրապես նրան ազգանունով չկոչել: Այժմ տղան մտածում է այն փոխելու մասին: «Երկրի դրության մասին» նախագահի ուղերձը լսելու են գալիս ոչ միայն սենատորները, կոնգրեսականները, Գերագույն դատարանի անդամները, նախարարները եւ վարչակազմի ներկայացուցիչները, այլեւ պատվավոր հյուրեր:
Այդ ավանդույթը սկիզբ է առել դեռ 1982 թվականին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք, որն իր ելույթին հրավիրել էր Կոնգրեսի բյուջետային վարչության աշխատակից Լեննի Սքաթնիքին, ով փրկել էր Պոտոմակի կամրջից ընկած ավտոբուսի ուղեւորի կյանքը: Սովորաբար պատվավոր հյուրերը, որոնց նախագահը կարող է հիշատակել իր ելույթում, նստում են առաջին տիկնոջ հետ միասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: