Առևտրականները կրկին պատրաստվում են փակել Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը
Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները երեկ փակել էին Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը՝ պատճառաբանելով, որ իրենց թույլ չեն տալիս անցկացնել 25 կգ ապրանքը:
168.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ այսօր ևս պատրաստվում են փակել մաքսային կետի մուտքն ու ելքը, մինչև հարցը լուծում ստանա։
Մեր այն հարցին՝ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ որոշ առևտրականներ փորձում են պետությանը «խաբել» ու չասել, որ բեռնափոխադրող մեքենայում, ասենք, 75 կգ-ն հենց իրենց ապրանքն է ու ոչ թե, ասենք, հարևանինը, ու այս կերպ խուսափել մաքսազերծման գումար վճարելուց, նրանք պատասխանեցին, որ նման բաներ լինում են։
«Եթե ապրանքը շատ է՝ պատրաստ ենք վճարել»,- ասացին նրանք ու հավելեցին, որ 10 օր առաջ թույլ տալիս էին՝ իմանալով այդ ամենը։
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
Անի Կարապետյան