Գերմանական աջակցությամբ մեկնարկեց գյուղատնտեսության օժանդակության նոր ծրագիրը
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ, մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման գծով ղեկավար տիկին Եվա Վիտտի գլխավորությամբ:
Ըստ ԿԲ մամուլի ծառայության հաղորդագրության՝ Արթուր Ջավադյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական ոլորտում առկա բազմամյա համագործակցությունը թևակոխում է զարգացման հերթական փուլ, ինչի վկայությունը գյուղատնտեսության ոլորտի օժանդակության նոր ծրագրի մեկնարկն է:
Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի աջակցության» վարկային ծրագրի շրջանակում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2012 թ. հունիսի 11-ին կնքվել են 15 մլն եվրոյի վարկային և 250 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:
Նույն ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկին հատկացնելու է ևս 5.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախկինում ավարտված «Վարկային Երաշխիքների Հիմնադրամ» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությանը տրամադրված գրանտային միջոցների հաշվին:
Վարկային ծրագիրը, որը գործելու է Հայաստանում ամբողջ տարածքում, մեծացնելու է ՀՀ առևտրային բանկերում առկա, գյուղացիական տնտեսություններին միկրո, փոքր և միջին վարկերի տրամադրման կարողությունները, ինչպես նաև բարձրացնելու է բանկերի կողմից ոլորտի վարկավորման գրավչությունը` աջակցելով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը: Ծրագրի խորհրդատուն է գերմանական Frankfurt School of Finance and Management ընկերությունը: Վարկը գերմանական KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվում է արտոնյալ պայմաններով: Ծրագրին մասնակցելու համար մրցույթային կարգով որպես գործընկեր ֆինանսական կազմակերպություններ ընտրվել են «Արարատբանկ» ԲԲԸ-ն, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ն:
Կողմերն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի վարկավորման նոր ծրագրին առնչվող հարցերին: