Հարավային Կորեայում Կիմ Չեն Ունի ժամանմանը սպասում են մարտի վերջին
Հարավային Կորեայի իշխանությունները պատրաստվում են ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին Սեուլում ընդունել մարտի վերջին: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ներ:
«Հարավային Կորեայի նախագահի նստավայրում նախապատրաստական աշխատանքներ են կատարվում մոտավորապես մարտի վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հնարավոր այցի կապակցությամբ»,- նշում է գործակալությունը: Ըստ նրա, եթե ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը պլանավորված է փետրվարի վերջին, ապա Կիմ Չեն Ունի այցը Սեուլ, իրոք, կարող է կազմակերպվել մոտավորապես մարտի վերջին:
«Հարավային Կորեային անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի արդյունքներով գնահատել հնարավոր համագործակցությունն ու փոխանակումները Հյուսիսային Կորեայի հետ»,- ընդգծում է Bloomberg-ը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը պլանավորված է փետրվարի վերջին: Դրա վայրն առայժմ պաշտոնապես չի հրապարակվում: Ավելի վաղ ԶԼՄ-ները ենթադրում էին, որ հանդիպումը կարող է կայանալ Վիետնամում: Այս երկու ղեկավարների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Սինգապուրում անցած տարվա հունիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: