Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում, ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհէկ): Այս փոքր հէկ-ի կառուցմանը թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ, այն կառուցվեց: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» կոչվող փոքր հիդրոէլեկտրակայանը գործարկում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստացի պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորը` Սեյրան Դարբինյանին, սակայն Լոռիում բոլորը գիտեն, որ ընկերությունը քաղաքապետինն է: Նա ժամանակ առ ժամանակ նույնիսկ այցելում է հէկ եւ հետեւում աշխատանքներին: Աշխատակիցները թույլ չեն տալիս հէկ-ի տարածքում նկարահանել կամ ներս մտնել, պետք է տնօրենին սպասել: Փհէկ-ի անմիջական հարեւանությամբ Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանի գազալցակայանն է: Քանի դեռ սպասում ենք տնօրենին, զրուցում ենք Թումանյանի քաղաքապետ Լ. Զավարյանի հետ, ով այդ պահին այցելել էր իր լցակայան: Հարցնում ենք, թե արդյո՞ք վտանգավոր չէ էլեկտրաէներգիա արտադրող կայանի կողքին գազալցակայանի կառուցումը, քաղաքապետը պատասխանում է, որ, եթե թույլատրվել է հէկ-ը կառուցել լցակայանի կողքին, ուրեմն ոչ մի վտանգ էլ չկա: Քիչ հետո մոտենում է փոքր հէկ-ի տնօրեն Գեորգի Ավետյանը: «Էս վերջերս, որ կարող էինք ասել, որ վերջացնում էինք, խնդիրներ առաջացան տուրբինների հետ կապված, էլի մոտ մի ամիս շատ լուրջ` առավոտ, գիշեր, իրիկուն ծանրաբեռնված էինք»,- փորձարկման երկար ընթացքը հիմնավորում է տնօրենը: Այս օրերին շարժանիվների (տուրբինների) կարգավորման աշխատանքները շարունակվում են: Փոքր հէկ-ը պետք է լինի 5 մգվտ հզորության (5000 կվտ): Այս պահին այն 12 աշխատատեղ է ապահովում` 8 օպերատոր եւ 4 աշխատակից հիդրոհանգույցում: Թեեւ փոքր հէկ-ը ավտոմատ համակարգով չի աշխատելու, տնօրենը վստահեցնում է, որ ժամանակի ընթացքում համակարգը կավտոմատացվի, որպեսզի եւ՛ օպերատորների գործը հեշտ լինի, եւ՛ ընդհանուր համակարգն ավելի ճիշտ ու լավ աշխատի: Գ. Ավետյանը ժխտում է բնակիչների կողմից որեւէ բացասական արձագանք հէկ-ի կառուցման վերաբերյալ. «Ոչ մեկը բացարձակ իրա դժգոհությունը չի արտահայտել բնակիչներից, մարդիկ շատ ուրախ են, որ իրենց շրջապատում, իրենց տան մոտ ինչ-որ աշխատատեղ է բացվում: Կոնկրետ մեր դեպքում օպերատորների 8-ից 7-ը կողքի գյուղի բնակիչներ են, որոնք որ մինչ էդ անգործ էին, էս պահին իրենք իրենց տնից դուրս են գալիս, մտնում են աշխատանքի տեղը»,- ասում է նա:
Էլեկտրաէներգիա արտադրելուց հետո աշխատատեղ ստեղծելու հիմնավորումը առաջնայիններից է փոքր հէկ կառուցելու բիզնես-ծրագրերում: Հավանաբար, այդ հիմնավորումը պետք է ունենան նաեւ մյուս հէկ-երը, որոնք նախատեսում են կառուցել նույն Մարցիգետի վրա, որից տնօրեն Գ. Ավետյանը տեղյակ չէր: Այդ մասին ավելի ուշ պատմեց Մարցի համայնքապետը: Հէկ-ի տնօրենն ասում է, որ բնապահպանական խնդիրներ իրենց հէկ-ը չի առաջացրել: «Մենք ջուրը չենք կտրել, ոնց որ նախատեսված է նման կառույցների համար, լրիվ պաշտպանվել է: Ձկնուղին լրիվ աշխատում է, այսինքն` ձկներն իրենց ձվադրման շրջանում անարգել բարձրանում-իջնում են»,- վստահեցնում է տնօրենը: Նրան հրաժեշտ ենք տալիս եւ գետի երկայնքով շարժվում դեպի վերեւ` Մարց գյուղ: Առջեւում Մոտկորի ձորն է, ճանապարհի եզրին մեծ խողովակներ են շարված: Իսկ գետի երկայնքով նկատվում են հողի մեջ թաղված` փոքր հէկ-ը սնուցող խողովակները, որոնք հէկ-ի գլխամասային կայանից 5800 մետր երկարությամբ ձգվում են մինչեւ հիդրոհանգույց: Նշանակում է` այդ երկարությամբ գետից ջուրը խողովակներով է հոսում, ոչ թե իր բնականոն հունով, իսկ գետի հունից պետք է հոսի առանցքային թողունակության համար նախատեսված ջուրը, որը հաշվարկում է ՀՀ բնապահպանության նախարարությունը` ջրթույլտվությունը տալու ժամանակ:
Մարցիգետի հունից այնքան քիչ ջուր էր հոսում, որ գետաբերանի ծառերն ու բույսերը չորացել էին: Մարտ-ապրիլ ամիսները գետերի վարարման շրջան է համարվում, սակայն գետի հունի եւ գետաբերանի չորությունից նկատելի էր առատ ջրի երկարատեւ բացակայությունը: Հիդրոհանգույցում, որտեղից սկիզբ են առնում խողովակները, երկու աշխատակից կա: Այստեղ ջուրը հավաքվել է այնքան, որ տեղանքը ջրամբարի է նմանվել: Իսկ ձկնուղուց կաթիլներով է ջուրը հոսում: Աշխատակից Գեւորգ Մադոյանն ասում է, որ ջուրն այդ օրն է սակավացել, իսկ ձկնուղուց ջուր չհոսելը հիմնավորում է նրանով, որ ներքեւի կայանում աշխատանքներ են տարվում, եւ 30 րոպե առաջ ներքեւի կայանից հրահանգել են քիչ բաց թողնել գետից: Իսկ ընդհանրապես գարնանը, երբ գետը վարարում է, ջուրը ծածկում է կառուցված պատնեշը, եւ ձուկն անարգել անցնում է մյուս կողմ: Հիշեցնենք, որ մեր այցելությունը հենց գարնանն էր (ապրիլի 23-ին), եւ պատնեշի վրայից ջուր չէր հոսում: Գեւորգին խնդրեցի ցույց տալ, թե ինչպես է ձուկն անցնում ձկնուղով: Տեսականորեն պատմեց, բայց ասաց, որ 20 օր է աշխատում եւ «տեսած էլ չէ», որ ձուկը որեւէ կողմից անցնի մյուս կողմ: Հիդրոհանգույցի տարածքի որոշ հատվածներ հարթեցված են, հատված կամ արմատախիլ արված ծառեր կան շուրջբոլորը: Գեւորգին հարցնում եմ` ինչո՞ւ են կտրել ծառերը, ասում է, «որ սարքել են, երեւի կտրել են»: Գեւորգից հետաքրքրվում եմ նաեւ` հաճա՞խ է Վանաձորի քաղաքապետն այցելում իր հէկ, պատասխանում է. «Հա, երեկ էլ էր ստեղ: Եղբայրն էլ է գալիս, ավելի շուտ-շուտ»: Հիդրոհանգույցի կայանից վերեւ արդեն Մարցիգետն իր բնականոն հունով է հոսում: Ջուրն առատ է: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ: Վերջինս, պատասխանելով հեռախոսազանգին, ասաց, որ խորհրդակցության է, զանգահարենք 40 րոպեից: 40 րոպե անց մեր զանգին քաղաքապետը չպատասխանեց, ավելի ուշ նրա հեռախոսահամարն այլեւս անհասանելի էր:
Մարցեցիներին Մարցիգետն այլեւս անհասանելի է
Մարցում առաջինը Քյարիմ Աղաջանյանի հետ ենք զրուցում, իր դժգոհությունն է հայտնում փոքր հէկ-ի վերաբերյալ: Հետո հանդիպում ենք ավագանու անդամներից մեկին (խնդրեց անունը չհրապարակել): «Գետը բնության մի մասն է, որտեղ մարդը կարողանում է իր հանգստի մի մասն անցկացնել, որ հիմա չունենք,- ասում է ավագանին,- Գոնե էնքան մարդ գտնվեն, որ էս երկուսով սահմանափակվեն, որովհետեւ ես լսել եմ, որ երրորդն էլ են ուզում կառուցել»: Ավագանու անդամն ասում է, որ փոքր հէկ-ի կառուցման համար հանրային քննարկում չի եղել, ինքը` որպես ավագանի, այդ մասին երբեւէ չի լսել, իսկ եթե ձեւական քննարկում արել են, ապա գյուղապետը` իր մտերիմներով: Գյուղապետ Ռոբերտ Գալստյանը վստահեցնում է, որ հանրային քննարկում արել են, եւ մասնակիցները կողմ են եղել: «Մեր անասունը կարողացել էինք իջացնել գետի մոտ պահել, կաթ բերեինք ուտեինք, որ հիմա զրկված ենք: Ձկներ ունեինք, նախկինում եղել են, բայց հիմա էլ չի լինի` մուրծի ու բեղլու: Գյուղացիները կարթերով օգտվել են, հաճույքի ու սննդի աղբյուր է եղել,- ասում է ավագանու անդամը: -Մենք ոչ մի տարածք չունենք գետին հասնելու համար, որ գոնե ոտքերս թրջենք, ասում են` հենց այդ տարածքում են նոր հէկ սարքելու: Կարո՞ղ է իմ հոսանքը էժանացնի, ընդամենը ինձ խանգարող միջոց է, իմ անասունը չեմ կարող անցկացնել գետի մյուս ափը, որովհետեւ լիճ է կապել, դա մեր արոտավայրն է եղել: Ամուսիններով աշխատող ենք, մենք չենք կարող ամառը հանենք սարը: Որտե՞ղ պահեմ, էսօր մոլորվել եմ, ուրիշ գյուղի հետ պայմանագիր եմ կապում, որ իմ մի կովը 5000 դրամով տամ մեկին, որ ինքը տանի կթի-ուտի, ես էլ բերանս չոր նստեմ: Գյուղացին կովով ու հողով է ապրում, հող չունենք էնքանով, որ ջուր չունենք ոռոգելու, հիմա ես բերանս բաց սպասում եմ, թե երբ պիտի մի կաթիլ անձրեւ գա, որ կարտոլը ծլի»:
Մարցը ոռոգման ջուր չունի, սակայն գյուղացիներն ասում են, որ հնարավոր էր գյուղում ոռոգման ջուր անցկացնել Մարցիգետից, բայց հիմա այլեւս անհնար է, փոքր հէկ-երն են օգտագործում ջուրը: Գյուղապետ Գալստյանը Մարցիգետից ոռոգման ջուր ստանալը իրատեսական չի համարում: Նրա հետ զրույցից տպավորություն է ստեղծվում, որ չեն էլ մտածել ոռոգման ջուրը Մարցիգետից հասցնել վարելահողեր: Գյուղապետը մեղքը ռելիեֆի վրա է գցում, որը դժվարացնում է պոմպակայաններով ջուրը գյուղ հասցնելը:
Մինչդեռ նախկին գյուղապետ Հրաչիկ Հովհաննիսյանը կարծում է, որ հնարավոր է Մարցիգետից ոռոգման ջուր վերցնել, դժվարությունը կազմակերպելը, հովանավոր-դոնորներ գտնելն է: «Եթե ձեռնարկող լինի, առանց պոմպերի էլ կգա, ինքնահոս: Տարիներ առաջ առանց խողովակների Մարցից եկել է ինքնահոս ջուր, մենք ծխախոտ ենք աճեցրել, կոլխոզը հեկտարներով ծխախոտ ուներ այստեղ, ոչ թե խողովակներով էր գալիս, այլ կանալներով` մինչեւ 60 թիվը»: Ծխախոտի այգիների վերանալուց ի վեր ջուրն էլ չի հասցվել գյուղ: Քարինջ գյուղից ոչ հեռու` Իքատակ կոչվող հանդամասում, Մարցիգետին է միանում Սառնաղբյուր վտակը, որից սնվում է մեկ այլ նոր փոքր հէկ: Ըստ գյուղացիների` այն դաշնակցական, նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանին է պատկանում: Փոքր հէկ-ը պաշտոնապես շահագործում է «Այուդի-Լոս» ՍՊԸ-ն: Ընկերությունը գրանցված է Դավիթ Լոքյանի որդու` Սերգեյ Լոքյանի անվամբ: Այստեղ էլ մեզ թույլ չտվեցին մտնել եւ տեսանկարահանումներ կատարել: Աշխղեկն էլ մեր հարցերին պատասխանելուց հրաժարվեց: Հէկ-ի համար նախատեսված տարածքը հարթեցվել եւ ազատվել էր բուսականությունից, բնության երբեմնի հարուստ տեսքի մասին վկայում էր ճանապարհին արմատախիլ արված հսկայական ծառը:
Կառուցված հէկ-երը, Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանի ասելով, չեն խանգարել համայնքին: Սակայն նա հաստատում է գյուղացիների մտահոգությունն այն մասին, որ երրորդ ու նույնիսկ 4-րդ փոքր հէկ-երն են ուզում կառուցել Մարցիգետի վրա, երրորդը` գյուղի տակ, իսկ չորրորդը` Իքատակ կոչվող հանդամասում, որոնք միանշանակ գետին մեծ վնաս կհասցնեն: Բայց գյուղացիները տրամադրվել են, որ թույլ չտան: «Էսքան տեղն է, որ մեր էս գետը մարդիկ են գալու հանգստանալու, եթե ջուրը չլինի, զբոսաշրջիկները չեն գա, հետաքրքրություն չի լինի,- ասում է Ռ. Գալստյանը եւ անցնում բնապահպանական խնդրին,- Լավից-վատից` ձուկ կա, կվերանա: Ասել են, որ 30 տոկոս ջուրը պիտի թողեն, բայց կասկածում եմ»: Նախկին գյուղապետը նույնպես կարծում է, որ մեկ փոքր հէկ-ը Մարցիգետի վրա բավական է, իսկ 3 կամ 4 հէկ կառուցելը մեկ գետի վրա` սխալ է: Քարինջի գյուղամիջում հավաքված բնակիչների հետ զրույցից եւս ակնհայտ էր, որ դժգոհ են 2 հէկ-երի կառուցումից, նորերի կառուցումն առավել եւս չեն ողջունում: Մարցիգետի վրա նոր փոքր հէկ-ի կառուցման համար արդեն իսկ ճանապարհի երկայնքով խողովակներ անցկացնելու սերվիտուտի պայմանագիր է կնքվել Մարցի գյուղապետարանի հետ: «Արցախ» ՍՊԸ-ն է կառուցելու այն:
Վերականգնվող էներգետիկան` ընդդեմ բնության
Հայաստանում փոքր հզորության հիդրոէլեկտրակայանների կառուցման գործընթացը համարվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: Այն պետք է նպաստի Հայաստանում էներգետիկ անկախության հաստատմանը: Փոքր հէկ-եր են համարվում մինչեւ 10 մվտ ընդհանուր հզորությամբ բոլոր տիպի հիդրոէլեկտրակայանները: Փոքր հէկ-երը մաքուր էներգիայի ստեղծման աղբյուր են համարվում, որի դեպքում վնասակար նյութեր եւ ջերմոցային գազեր չեն արտանետվում մթնոլորտ, այլ օգտագործվում են էներգիայի ստեղծման տեղական, բնական աղբյուրները, ներգրավվում է փոքր եւ միջին բիզնեսը:
Հայաստանում հիդրոէլեկտրակայանների պատմությունը սկսվում է 1903-ից, երբ Ողջի գետի վրա կառուցվեց 75 կվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան` Կապան քաղաքի պղնձարտադրության էլեկտրամատակարարման նպատակով: Խորհրդային Միության տարիներին Հայաստանի տարածքում գործել է 25 փոքր հէկ, որից անկախ Հայաստանում գործունեությունը շարունակել է 17-ը: 1992-95թթ. էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից անմիջապես հետո սկսվել է փոքր հէկ-երի սեփականաշնորհման գործընթացը: Կառուցվել են նոր փոքր հէկ-եր: 2000 թվականից սկսած` մեծ թափ է ստացել փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, իսկ վերջին տարիներին գործող փոքր հէկ-երի թիվը կրկնապատկվել է, գումարային արտադրանքը` գրեթե եռապատկվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիտորինգի վերջին տվյալների համաձայն` 1998-2003թթ., այսինքն` 6 տարվա ընթացքում 17 փոքր հէկ է կառուցվել, հաջորդող 8 տարիների ընթացքում (2004-2011թթ.) կառուցվել է 90 փոքր հէկ: Այսօր Հայաստանում գործում է 118 փոքր հէկ: 2012-ի հունվար ամսվա դրությամբ կառուցման փուլում է 87 փոքր հէկ: Նպատակ է դրվել մինչեւ 2015-ի հունվար փոքր հէկ-երի թիվը հասցնել 207-ի: Ամենամեծ թվով փոքր հէկ-եր կառուցվում են Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում: Կառուցվելիքների գերակշիռ մասը նույն մարզերում է: Ամենամեծ հզորությունը եւ արտադրության մեծ ծավալն ապահովում է Լոռու մարզը: Փոքր հէկ-երի մեծամասնությունը բնական ջրահոսքերի, այն է` գետերի վրա է տեղակայված: Առավել փոքր հատվածը` ոռոգման ջրանցքների եւ խմելու ջրի խողովակաշարերի վրա: 2012-14թթ. Հայաստանում գործարկման ենթակա 87 փոքր հէկ-երից 73-ը կկառուցվեն բնական ջրահոսքերի վրա` մատակարարելով առաքվող էներգիայի 77%-ը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության վերականգնող էներգետիկայի բաժնի նախկին պետ Ալեքսանդր Քոչարյանը փոքր հէկ-երի կառուցումը ողջունում է, եթե դրանք բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում: Քոչարյանն ասում է, որ Հայաստանն ունի պաշարներ ու հիդրոէներգետիկայի պոտենցիալ, եւ ջրի համար չի վճարում, հանցագործություն է չօգտվել այդ ջրերից եւ թողնել, որ գնա Ադրբեջան: Ավելին, այն նաեւ էներգետիկ անկախություն կապահովի երկրի համար: Եթե գազատարներից որեւէ մեկը վնասվի, կամ ինչ-ինչ պատճառներով ատոմակայանը դադարեցնի իր աշխատանքը թեկուզ ժամանակավորապես, Հայաստանը կունենա էներգիայի պակաս: «Եթե մենք ընկնենք ճգնաժամի մեջ, մեզ կփրկի հիդրոէներգետիկան,- ասում է Ալ. Քոչարյանը եւ շարունակում,- Պետք է հիդրոէներգիան օգտագործել` չվնասելով բնությունը: Մենք հիմա կարող ենք այդ շռայլությունը թույլ տալ, որ մտածենք էկոլոգիայի մասին, քանի որ արդեն ապահովված ենք էլեկտրաէներգիայով: Եթե նախկինում` ճգնաժամային տարիներին մեզ համար կարեւորը էլեկտրաէներգիա ունենալն էր, դրա համար Սեւանի մակարդակի խիստ իջեցում եղավ, ապա հիմա մենք արդեն ունենք էլեկտրաէներգիա, հիմա գերակայությունը պետք է բնությանը տալ»,- համոզված է Ալ. Քոչարյանը: Նա նաեւ ասում է, որ փոքր հէկ-ը շահավետ բիզնես է, որովհետեւ արտադրած էներգիան պետությունը պարտավոր է գնել: Դա սահմանվում է նաեւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի` «15 տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման»: Իսկ գնողը` «Հայկական էլեկտրացանցերն» է (ՀԷՑ): էլեկտրաէներգիայի գնման շուկայական կանոնները եւ սակագները սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀՀ ՀԾԿՀ): Փոքր հէկ կառուցելու շահավետությունը, թերեւս, զգացել են նաեւ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները եւ պատգամավորները, ովքեր մեծ արագությամբ սկսել են կառուցել փոքր հէկ-եր: Մինչդեռ, եվրոպական երկրներում, օրինակ` Նորվեգիայում, որտեղ վերականգնողական էներգիան իր զարգացման ուղին արդեն անցել է, հէկ-երի սեփականատերերը հենց համայնքի բնակիչներն են: Նորվեգական «Նորսկ էներջի» (Norsik Energi) ընկերությունը Նորվեգիայի ԱԳՆ-ի աջակցությամբ Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման եռամյա ծրագիր է իրականացնում: Ընկերության էներգետիկայի եւ կլիմայի ոլորտում ծրագրերի առաջատար մասնագետ Էն Իռեն Գլիմսդալը պատմում է, որ Նորվեգիան հայաստանյան այսօրվա իրավիճակում էր 1970-ականներին: Սակայն այնտեղ ոլորտն ավելի ճկուն է. փոքր հէկ-ը շահագործող ընկերության բաժնետերեր են նաեւ տվյալ համայնքի բնակիչները, եւ համայնքն իր տարածքում աշխատող հէկ-ից ստացած շահույթը օգտագործում է համայնքի կարիքները հոգալու եւ այն զարգացնելու համար:
«Փոքր հէկ-երի 90 %-ից ավելին խախտում է բնապահպանական սահմանված նորմերը»
Հայաստանյան բնապահպանների ահազանգում կարմիր թելի պես անցնում է այն մտահոգությունը, որ հէկ-երը բնությունը շահագործում են անխնա կերպով` զարգացնելով վերականգնվող էներգետիկայի ճյուղը եւ, միաժամանակ, անդարձ ոչնչացնելով հայրենի բնությունը: Փոքր հէկ-երի շահագործման արդյունքում բնությանը հասցված վնասը մի քանի տեսանկյունից են դիտարկում, այն է` գետերի ջրային հաշվեկշռի խախտում, գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների ոչնչացում, գյուղական համայնքներին ոռոգման ջրի մատակարարման նվազում, փոքր հէկ-երի կառուցումը հատուկ պահպանվող տարածքներում, արգելոցներում: «Հիդրոէներգետիկա» ընկերության տնօրեն Գրիգոր Գաբայանը, որի ընկերությունը մասնագիտացել է փոքր հէկ-երի նախագծման եւ այդ ոլորտում խորհրդատվության մեջ, ասում է, որ Հայաստանում կառուցված փոքր հէկ-երի 90 տոկոսից ավելին խախտում է բնապահպանական սահմանված նորմերը, ճիշտ տեղերում չէ կառուցված, սխալ են կառուցված ձկնուղիները, բնապահպանական թողքը սահմանվածից շատ ավելի քիչ է: «Միանշանակ կարող եմ ասել, որ մեր նախագծողների հիմնական մասը պատկերացում չունի, թե ինչ ձուկ կա էդ գետում: Եվ, նույնիսկ, եթե գնամ բնապահպանական փորձաքննության ու ասեմ` այ էս գետի այս առվում ի՞նչ ձուկ է գնալու իմ ձկնուղով, չեն կարող ասել»,- ասում է Գ. Գաբայանը եւ նշում, որ նախ պետք է պարզել, թե որ գետում ինչ ձուկ կա, եւ որտեղ չի կարելի կառուցել փոքր հէկ: «Մեր հանրապետությունն ունի հաստատված գետերի ցանկ, որտեղ մենք ձկնային պաշարներ ունենք, եւ ձկնային տեսակետից հետաքրքիր են այդ գետերը: Պարզապես մի քարտեզ տպագրվեր, որտեղ նշվեր եւ կարմիր գծերով ցույց տրվեին գետերը, որտեղ կա ձկան հարց, եւ ասեին, որ` այստեղ դուք պետք է պարտադիր ձկնուղիներ կառուցեք: Չգիտես ինչու` այդ էլեմենտար հարցը ծեծվում է, ծեծվում է, բայց ոչ ոք չի ուզում այդ քարտեզը տպագրել ու հարցը փակել»,- ասում է Գ. Գաբայանը: Իսկ բնական թողքը չխախտելու լավագույն լուծումը համարում է հէկ-ը ավտոմատացված համակարգով կառուցելը, ինչ թույլ կտա ջրի սակավ կամ մեծ հոսքի դեպքում քիչ կորուստներով առավելագույն արտադրանք ապահովել:
Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ
hetq.am