«Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունից». Ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ վերջին շրջանում արցախաադրբեջանական սահմանին որոշ չափով նվազել է լարվածությունը, որի համատեքստում Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության մեջ Արցախի հարցում փորձում է դիրքավորվել՝ որպես ավելի «կառուցողական» կողմ։ Սակայն Ադրբեջանից հնչող հայտարարությունները և այնտեղ ընթացող ներքին քաղաքական քննարկումները լավատեսություն չեն հաղորդում։
«Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունից։ Հայաստանը, որն ունի լեգիտիմ իշխանություն և արտահայտում է ժողովրդի շահերը, կարող է շատ ավելի նախաձեռնող լինել՝ Արցախի հարցում երկու հայկական պետությունների դիրքորոշումներն արտահայտելու տեսանկյունից, և քայլ առ քայլ փորձել հասնել նրան, որ Արցախը դառնա բանակցությունների կողմ, որից հետո կվերականգնվի բանակցությունների ամբողջական և լիարժեք ձևաչափը։ Կարծում եմ՝ մեր քայլերն ավելի շատ պետք է ուղղված լինեն դրան, քանի որ լեգիտիմ իշխանությունը հնարավորություն տալիս է շատ ավելի վստահ խոսել ժողովրդի անունից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տ. Հայրապետյանը՝ անդրադառնալով 2019 թվականին Արցախի հարցի հետ կապված սպասելիքներին։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը պետք է շարունակել նաև 2019 թվականին, քանի որ խաղաղ բանակցությունների շարունակությունը չպատերազմելու համար կարևոր քայլ է։
Ըստ նրա, խնդրի առավել գլոբալ լուծման համար գոնե այս փուլում Ադրբեջանը որևէ քննարկում չի իրականացնում և ջանքեր չի գործադրում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից սեփական դիրքերի ամրապնդմանը և հնարավոր պատերազմի հրահրմանը, ադրբեջանագետը նկատեց, որ հայկական կողմը բավականին զգոն է, և ներկայիս իշխանությունը բավականին մեծ ջանքեր է գործադրում բանակում առկա խնդիրների լուծման համար։
«Իշխանությունները հասկանում են, որ Արցախում խաղաղության ապահովման առաջին երաշխավորը զինված ուժերն է և Արցախի պաշտպանության բանակը»,- նշեց Տաթև Հայրապետյանը և ընդգծեց, որ հնարավոր պատերազմի դեպքում հայ հասարակությունը շատ ավելի միասնական է, քան Ադրբեջանում է։ Այս առումով հայկական կողմն ավելի շահավետ դիրքերում է: «Հուսամ, մենք չենք տեղափոխվի ռազմական գոտի, քանի որ, անկախ ամեն ինչից, այն բերում է մարդկային կորուստների»,- նշեց ադրբեջանագետը։
Զվարթ Խաչատրյան