Արցախի հիմնահարցի կարգավորման համար նոր օրակարգ է պահանջվում

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» և Մտավորականների խորհրդի համատեղ նիստ:

Քննարկման էր ներկայացվել Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի փակուղային վիճակից նոր ելքեր փնտրելու հարցը:

Կազմկոմիտեի և ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հաղորդման հիմնական թեզը կայանում էր նրանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարբերակները, հատկապես՝ «Մադրիդյան սկզբունքները», որևէ առաջընթաց չեն ապահովել կարգավորման գործընթացում: Իսկ հաճախակի դարձած խոսակցություններն ինչ-ինչ տարածքներ հանձնելու մասին, անիմաստ և վտանգավոր տպավորություն են ստեղծում հնարավոր միակողմանի զիջումների վերաբերյալ:

Հստակ շեշտվեց այն հանգամանքը, որ «թավշյա հեղափոխությունից»> հետո իշխանություններն ունեն բանակցությունների նոր, հեռանկարային օրակարգ առաջարկելու բոլոր իրավունքները:

Օրակարգ ձևավորելու հիմքում պետք է լինի խաղաղ գործընթացի մասին համաձայնագրի ստորագրումը, որի գործողության պայմաններում հնարավոր կլինի հիմնահարցի ամբողջական դիտարկումը և քայլերի հերթականության իրացումը:

Նիստի մասնակիցները՝ Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Մանասյանը, Լարիսա Ալավերդյանը, Մարիամ Ավագյանը, Ժասմինա Ղևոնդյանը, Կարինե Դանիելյանը, Ազատ Եղիազարյանը և ուրիշներ, իրենց առաջարկները ներկայացրեցին հարցի վերաբերյալ:

Որոշվեց.

  • Ստեղծել աշխատանքային խումբ, լրացնել Արցախի հիմնահարցին վերաբերող իրավական <<թղթապանակը>>, կազմել բանակցային գործընթացի օրակարգի նախագիծը և առաջիկայում քննարկել այն հաջորդ համատեղ նիստում:
  • Մշակված փաստաթղթերը ներկայացնել ՀՀ վարչապետին, ԱԳՆ-ին և Մինսկի խմբի համանախագահներին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայություն

27.12.2018թ.

Տեսանյութեր

Լրահոս