Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» ներկայացուցիչներին
Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով իրականացվող ծրագրերի համար, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նվիրաբերված՝ զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների հերթական խմբաքանակն արդեն իսկ առաքվում է զորքեր, մասնավորապես՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր:
Իր հերթին, Ռազմիկ Արզումանյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նախաձեռնվել է նոր, լայնածավալ ծրագիր, որով նախատեսվում է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու նպատակով մարտական հենակետերը կահավորել սանիտարական և խոհանոցային պատրաստի հանգույցներով:
Զրուցակիցներն ընդգծել են հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը և երախտագիտություն հայտնել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր հիմնադրամի միջոցով իրենց ներդրումն են ունենում Հայոց բանակի կայացման գործում: