Բաժիններ՝

«Մշակույթի նախարարությունը պետք է մնա, որովհետև մեր երկիրն առաջինը մշակույթով է աշխարհին ներկայանում»

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների համաձայն՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն Կրթության և գիտության նախարարությանը։

Ավելին՝ Մշակույթի նախարարության  պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հատվածը կմիանա Քաղաքաշինության կոմիտեին:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց այս որոշման համար՝ ասելով.

«Մշակույթի նախարարությունը պետք է մնա, որովհետև մեր երկիրն առաջինը մշակույթով է աշխարհին ներկայանում: Ցավոք, չունենք ուրիշ մի ոլորտ, որով կարող ենք աշխարհին զարմացնել: Այն կարևոր, առանցքային նախարարություններից է: Երեկվանից մի դեպք եմ հիշում. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլին դիմում ու ասում են, որ ռազմական ծախսերը շատ են, եկեք որոշ տեղերի բյուջեից, այդ թվում՝ Մշակույթի նախարարությունից կտրենք, Չերչիլը պատասխանում է՝ բա այս պատերազմն ինչի՞ համար է, եթե մշակույթի բյուջեն պետք է կրճատենք:

Կարդացեք նաև

Գիտե՞ք, խորհրդային տարիներին Հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը կառավարությանն առընթեր էր, բացառիկ կարգավիճակ ուներ: Անկախությունից հետո մտածում էի, որ այդ կարգավիճակը կպահպանվի, ավելի կկարևորվի, բայց իջեցվեց գործակալության մակարդակի: Աբսուրդ: Այսինքն, նշանակում է, որ Մոսկվայի թափի տակ մեր հուշարձաններն ավելի արժևորված էին, քան անկախ Հայաստանի օրո՞ք: Սա անտրամաբանական է: Եվ հիմա, այս փոփոխությունների մեջ, ցավոք, նման զուգահեռ եմ տեսնում»:

Հարցին՝ հուշարձանագետը կիսո՞ւմ է Մշակույթի նախարարության աշխատակիցների այն տեսակետը, որ քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունը թշնամի բնագավառներ են, Սամվել Կարապետյանը պատասխանեց.

«Չէի ասի, որ թշնամիներ են: Իհարկե, քաղաքաշինությունն ունի իր  գրված ու չգրված օրենքները, հուշարձաններ կան, որ զոհ են գնում, բայց սա ամբողջ աշխարհում է:  Նույն Քաղաքաշինության կոմիտեն իր հնարավորություններով միշտ էլ փորձել ու փրկել է շատ հուշարձաններ»:

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտն (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) էլ ասաց, թե եթե մարդիկ ճիշտ են աշխատում, ուզում է՝ կցեն, ուզում է՝ պոկեն, ուր էլ դնեն՝ նրանք արարում են:

«Պետությունը, որպես դաշնամուր, եթե ճիշտ է լարված, ինչ էլ նվագեն՝ ճիշտ կհնչի:

Մեր հասարակությունը նախքան հեղափոխությունը նման էր լարից ընկած դաշնամուրի, հիմա հակառակն է, պետք է պարզապես թողնենք, որ աշխատեն:

Իհարկե, մշակույթի ոլորտում լավ գործեր արվել են այս տարիների ընթացքում, բայց հիմքում ոչ թե մշակույթն էր, ու իրենք ծառայում էին դրան, այլ  մշակույթը դնում էին ոտքերի տակ, որ բարձրահասակ երևան: Մշակույթն օգտագործել են՝ որպես  բիզնես: Պետք է Հայաստանը լինի սիմֆոնիկ պետություն, ունենա ճիշտ լարված նվագախումբ»,- նշեց Դանիել Երաժիշտը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին  Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել: Նրանք նշում էին՝ որոշում  կայացնելիս, ցավոք, աշխատակազմի և համապատասխան մասնագետների կարծիքը ոչ ոք չի հարցրել, իսկ  իրենց ստորագրություններով վարչապետի պաշտոնակատարին փոխանցված դիմումում  հիմնավորել էին, թե ինչո՞ւ է պետք Մշակույթի նախարարությունը պահել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս