Բաժիններ՝

«Մշակույթը հանել ենք հասարակության կրթական համակարգից, այն դարձրել ենք զուտ զվարճանք կամ միջոցառում». Ռուբեն Բաբայան

«Կարծում եմ՝ կառուցվածքային փոփոխությունների մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ կոնկրոտ որոշեն, թե այդ ոլորտն ինչու է պետք, և այն իրենից ինչ է ներկայացնում։ Երբ որոշեն, որ պետք է, այն ժամանակ սկսում են մտածել տվյալ ոլորտի կառուցվածքի, մեխանիզմի մասին։ Յուրքանչյուր ոլորտ՝ լինի մշակույթի, գիտության թե տնտեսության, ունի երկու կարևոր խնդիր՝ պահպանել և զարգացնել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով նախարարությունների, այդ թվում՝ Մշակույթի նախարարության կրճատմանը կամ այլ նախարարության հետ միավորելուն։

Ռուբեն Բաբայանի խոսքով՝  կան որոշ երկրներ, որտեղ Մշակույթի նախարարությունը միավորված է այլ ոլորտների հետ, օրինակ՝ Ֆրանսիայում կա կոմունիկացիաների և մշակույթի նախարարություն, ինչը ենթադրում է, որ այդ երկու ոլորտները՝ մեկը՝ եկամտաբեր, մյուսը՝ բյուջե պահանջող,  կարողանում են միմյանց լրացնել։
«Եթե չեմ սխալվում, մեզ մոտ ցանկանում են միավորել սպորտի, մշակույթի և կրթության ոլորտները, երեք ոլորտներն էլ բյուջեից գումար են պահանջում՝ շահութաբեր չեն։ Կարելի է մշակույթի նախարարություն չունենալ, բայց ունենալ օրենքներ, որոնք թույլ կտան ինքնուրույն զարգանալ։

Ամբողջ Եվրոպայում գործում է «մեկնած ձեռքի» սկզբունքը՝ պետությունը մեկնած ձեռքն է մշակույթին, որից պահանջում է մեկ բան՝ զարգացնել և պահպանել։ Մշակույթը չի կարելի բաժանել և տալ ինչ-որ գերատեսչության, մշակույթի պահպանումն ու զարգացումը ոչ միայն պետության, այլև՝ ամբողջ հասարակության գործառույթն է, ինչը շատ կարևոր է»,- շեշտեց Ռուբեն Բաբայանը։

Ըստ նրա, երբեք չպետք է ակնկալել, որ մշակույթը կարող է փող բերել։

Կարդացեք նաև

«Զարմանալի է, որ 21-րդ դարում մենք ցանկանում ենք վայրի կապիտալիզմի օրենքներով ապրել, այսօր աշխարհը վաղուց այդ ճանապարհն անցել է և հասկացել է դրա վնասակարությունը։ Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ նշեց, որ Ֆրանսիայում պոետները չեն մահանում, սա նրա անձնական կարծիքը չէր, այլ Ֆրանսիայի մոտեցումն է պոեզիայի հանդեպ։ Երեկ լսեցի, որը ՊԵԿ-ն ուզում է երգիչ-երգչուհիների եկամուտները հարկել, եթե Ֆրանսիայում նման օրենք լիներ՝ Շառլ Ազնավուր չէր լինի։ Յուրաքանչյուր երկրում հարկ վճարելը գալիս է որոշակի աստիճանից հետո»,- ընդգծեց Ռ. Բաբայանը։

Նրա դիտարկմամբ՝ նմանատիպ քայլերով մշակույթի ոլորտում ստեղծվում է շիլաշփոթ, ուստի յուրաքանչյուր որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել ոլորտի ներկայացուցիչների հետ, որի պարագայում հնարավոր է՝ 100 հիմար առաջարկություններից մեկն իշխանության ներկայացուցիչների համար օգտակար լինի։

Ռուբեն Բաբայանի բնորոշմամբ, եթե հնարավոր է առանց մշակույթի կառուցել ազատ, անկախ երկիր, ապա Հայաստանին մշակույթ անհրաժեշտ չէ. «Ինձ ապացուցեք, որ առանց մշակույթի հնարավոր է հասնել այդ ամենին, կասեմ՝ մեզ մշակույթ պետք չէ։ Մենք մշակույթը հանել ենք հասարակության կրթական համակարգից, այն դարձրել ենք զուտ զվարճանք կամ միջոցառում»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս