«Այսօր ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է իմ անձին՝ իմ ինչ-որ գրառման կապակցությամբ». Ռուբեն Մելիքյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեում քննվում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի միջև հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ու հստակ պատասխաններ կտրվեն:

Ձայնագրության վերաբերյալ լրագրողներից մեկի այն պնդմանը, որ խոսակցության մեջ հստակ նշվում է, որ Վանեցյանը գործածում է «դատավոր» բառը, ԱԱԾ տնօրենը արձագանքեց՝ տալով Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի անունը՝ վկայակոչելով նրա ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն լսեք, Ռուբեն Մելիքյան կա, Արցախի նախկին ՄԻՊ-ը առաջին գաղտնալսումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին։ Իմ հեռախոսի մեջ դա պահել։ Այդ ստատուսից կոպիա եմ արել, որովհետև այնտեղ բաներ էին գրած, որոնք ինձ անհանգստացրել էին, ուղարկել եմ մարդկանց, որ էդ կարծիքը տան, որից հետո, ինձ Սասունն ասում է՝ գրավոր ուզում էի պատասխանեի։ Էլ վերջ, գաղտնալսման մասին էլ բան չեմ ասելու»։

Նշենք, որ Ա.Վանեցյանն ի նկատի ուներ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ հուլիսի 17-ին արված գրառումը, որում վերջինս նշում էր.

«Երբ մշակում էինք քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, մի հարց սկզբունքային էր ինձ համար – չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։ Դատարանը չպետք է ԶՐԿԻ ազատությունից, այլ ստուգի ազատությունից զրկելու և անազատության մեջ պահելը շարունակելու իրավաչափությունը։ Ազատությունից զրկողը պետք է լինի միայն քրեական հետապնդման մարմինը։ Հակառակ դեպքում հենց դատարանն է վերածվում քրեական հետապնդման մարմնի։

Պարզ ասած՝ եթե մեղադրյալը ձեր աշխատասենյակում է և որոշել եք դատարանին միջնորդել կալանք, ինչու՞ չեք ձերբակալում ու անմիջապես տանում դատարան։

Ի դեպ, իմ ներկայացրած տրամաբանությունը, կարծում եմ, տեղ է գտել Սահմանադրությունում։ Տե՛ս 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ համակարգային կապի մեջ»:

ԱԱԾ տնօրենի այսօր կատարած հայտարարությանը ֆեյսբուքյան գրառման միջոցով պատասխանել է Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով հետևյալ պարզաբանումը.

«Այսօր ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է իմ անձին՝ իմ ինչ-որ գրառման կապակցությամբ։ Այդ առթիվ ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումը.

1) Նախ, ողջունում եմ պարոն Վանեցյանին (որքան հասկացա՝ իմ գրառումները հետաքրքրում են մեր անվտանգության մարմիններին, ինչը որոշակի առումով հաճելի է)

2) Ենթադրում եմ, որ ԱԱԾ տնօրենը նկատի է ունեցել իմ ստորև ներկայացված մասնագիտական գրառումը։ Շարունակում եմ պնդել դրանում ներկայացված դրույթները։

3) Տեղյակ չեմ՝ արդյո՞ք իմ ներկայացրած իրավական մոտեցումները որևէ գործով կիրառվել են դատարանի առջև, թե ոչ։

4) Չհասկացա իմ գրառման և գաղտնալսման կապը։

5) Միշտ պատրաստ եմ ներդնել իմ մասնագիտական ներուժը՝ ի նպաստ մեր երկրում իրավական մշակույթի ամրապնդմանն ու զարգացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս