Ստրասբուրգի հրաձիգը հայտարարել է, թե վրեժ է լուծում Սիրիայում իսլամիստների զոհվելու համար. BFM
Ստրասբուրգում ահաբեկչական գործողությունն իրականացրած անձը հայտարարել է, թե վրեժ է լուծում Սիրիայում արմատական իսլամիստների զոհվելու համար: Այդ մասին հայտնել է BFM հեռուստաալիքը վկայակոչելով տաքսու այն վարորդի ցուցմունքները, որն, իր խոսքով, ստիպված է եղել կասկածյալին ահաբեկչության վայրից տեղափոխել այն թաղամաս, որտեղ նա մտադրվել էր թաքնվել ոստիկանությունից:
«Վարորդը պնդում է, որ Շեքաթն իրեն հայտարարել է, թե Ստրասբուրգի կենտրոնում գնդակահարելով մարդկանց՝ ինքը վրեժ էր լուծում իր «իսլամիստ եղբայրների» համար, որոնք զոհվել են Սիրիայում»,- վկայի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը:
Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել երեք մարդ, 13 հոգի վիրավորվել է: Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ:
Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Ինչպես ավելի վաղ հայտնել է Փարիզի դատախազ Ռեմի Էյտզը, Ստրասբուրգի հրաձիգը 27 դատվածություն ուներ Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար: Նա նշել է, որ մի շարք խուզարկություններ են կատարվել այն վայրերում, ուր նա կարող էր այցելել: Հանցագործի մերձավոր շրջապատից չորս մարդ է վերցվել կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: