«Ես հույս ունեմ, որ ԱԺ-ն կզբաղվի ընտրական օրենսգրքի բարեփոխումներով». Զլատկո Վույովիչ
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ։
Առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը հայտարարեց, որ իրենք կիրառել են տարբեր մոտեցումներ ընտրությունների ժամանակ, դիտորդություն են իրականացրել 310-ից ավելի ընտրատեղամասերում, ներկա են եղել 30 ընտրատեղամասերի բացմանը, փակմանն ու հաշվարկի ընթացքում:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ միջավայրում և համապատասխանել են միջազգային ստանդարտներին և տեղական օրենսդրությանը: Ընտրությունների օրն ընդհանուր առմամբ անցել է բավական կազմակերպված ձևով, թեև կային որոշակի ընթացակարգային խախտումներ մի շարք ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների կողմից՝ հիմնականում տեղեկատվության պակասի պատճառով»,- ասաց Վույովիչը:
Ըստ նրա՝ ԿԸՀ-ն աշխատել է ճշգրիտ և արդյունավետ: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Վույովիչը, անավարտ ընտրական բարեփոխումները, ինչպես նաև ընտրողների գիտելիքների պակասը ընտրությունների ընթացակարգի մասին մտահոգության տեղիք են տալիս.
«Ես հույս ունեմ, որ ԱԺ-ն կզբաղվի ընտրական օրենսգրքի բարեփոխումներով: Եթե այդպիսի բարեփոխումներ չլինեն, ապա հաջորդ ընտրությունները կարող են վտանգված լինել»:
Վույովիչը նշեց, որ այժմ ընտրական համակարգի կազմակերպող ու անցկացնող մարմինների աշխատանքը լիովին կախված է իշխանության քաղաքական կամքից:
«Ընտրական քարոզարշավը գնահատվել է որպես հանդարտ, ազատ և առանց խոշոր սահմանափակումների: Այս քարոզչական ժամանակամիջոցին ավելի բնորոշ էր ատելության խոսքի գործածումը և թեկնածուների կողմից հնչեցվող փոխադարձ մեղադրանքները, քան թե քաղաքական օրակարգերն ու ծրագրերը քննարկելը»,- ասաց Վույովիչը: