«Եթե Սասուն Խաչատրյանը կբերի այդ հոդվածը, ես դիմում կգրեմ, կազատվեմ փաստաբանությունից կամ թող ինձ հեռացնեն, զրկեն արտոնագրից». Ռուբեն Սահակյան

Այսօր լրագրողները Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին դատական համակարգի վրա ճնշումներ չե՞ն եղել։ Ի պատասխան՝ փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց՝ եղել են. «Իմ ասածն այն է, որ ճնշումներն այսօր էլ ավելի զորեղ են։ Ես վախենում եմ, որ մեզ մոտ դիկտատուրա է արդեն, շատ եմ վախենում։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր աննախադեպ է»։

0038 հրամանն, ըստ նրա՝ իր մեջ չի պարունակում տարրեր, որ կարելի է ասել, թե տապալվել է սահմանադրական կարգը. «Սա մանիպուլացիա է ընդամենը։ Մենք ասել ենք՝ հրապարակեք այդ փաստաթուղթը։ Նույն ՀՔԾ պետն ասում է, որ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը, որը կար 2008թ. կարող է կատարվել 4 եղանակով։ Այ հարգելիս, դու կարդալ գիտե՞ս։ Պարոն Սասուն Խաչատրյան, դուք կարդալ գիտե՞ք։

Արդյո՞ք 2008թ. ՔՕ-ում եղել է հոդված, որը կոչվել է սահմանադրական կարգը տապալելը և որը կարող է կատարվել 4 եղանակով։ Եթե ինքը կբերի այդ հոդվածը, ես դիմում կգրեմ, կազատվեմ փաստաբանությունից կամ թող ինձ հեռացնեն, զրկեն արտոնագրից։ Այստեղ է մանիպուլյացիան կատարվում է նաև իշխանական փաստաբանների կողմից։ Քոչարյանը շատ վատն  է, ինչ ուզում եք արեք իրեն, բայց մենք ուզում ենք, որ ՔՕ հոդվածը մեկնաբանվի ճիշտ այնպես, ինչպես մեզանից պահանջում է օրենքը։ Չի կարելի անձին մեղադրել մի արարքի մեջ, որը ժամանակին քրեորեն հետապնդելի չի եղել»։

Փաստաբանը նկատեց՝ պետական իշխանությունը յուրացնելը հոդվածը եղել է 2008թ, և հետաքրքրվեց, թե դրանով ինչո՞ւ չեն մեղադրանք առաջադրում. «Երբ այս հարցին կպատասխանեն, մենք հակադարձ պաատսխանը կտանք։ Նրանք այս հարցի պատասխանը չունեն, իրենց պետք էր, որ Քոչարյանը կալանավորվի»։

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ 0038 հրամանը կարևոր է որքան հնարավոր է լավ լուսաբանել, որ բոլորի մոտ ամեն ինչ պարզ լինի։ Նա ասած, որ կդիմի ՀՔԾ, որ այդ հրամանը լուսաբանվի այնքանով, որքանով հնարավոր է։

Տեսանյութեր

Լրահոս