«Գաղտնալսումները ցույց են տալիս, որ մեր անվտանգության ծառայությունները բոբիկ են, որ անվտանգ չենք, գտնվում ենք չափազանց սպառնալից վիճակում». Աղասի Ենոքյան
Երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), Քննչական ծառայության (ՀՔԾ) պետի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հերթական չափաբաժինը կրկին փոթորկեց մեր հանրությանը։ Ի՞նչ վտանգներ կան այդ գաղտնալսման հետ կապված, որովհետև դեռ առաջին գաղտնալսման հրապարակումից հետո իշխանությունները հայտարարեցին, թե կատարվածը սպառնալիք էր ազգային անվտանգությանը՝ այդ գաղտնալսումն իրականացնողներին ու հրապարակողներին, ըստ էության, մեղադրելով պետական դավաճանության մեջ, և այսօր ունենք մի իրավիճակ, երբ պետական հանցագործություն որակված հանցագործությունն ԱԱԾ-ում չի բացահայտվում։
Ի վերջո, այսօր մենք կարո՞ղ ենք ասել, որ ունենք անկախ դատական համակարգ, և արդյո՞ք այս գաղտնալսումն իր մեջ վտանգներ չի պարունակում առհասարակ ներդրումային միջավայրի, աշխարհաքաղաքական, գործընկերային ու Հայաստանի վարկանիշի տեսանկյուններից։ Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի հետ։
– Գաղտնալսման հետ կապված մի քանի բան պետք է առանձնացնել։ Առաջինը, որ կրկին ապացուցվեց, ցույց տրվեց այն միտումը, որ մեզ մոտ դատավորները գտնվում են իշխանական լրջագույն ճնշման տակ և որոշումները կայացնում են՝ ելնելով ոչ թե արդարության պահանջներից ու օրենսգրքերից, այլ ղեկավարության ցանկությունից։ Այստեղ պարզապես իրավական նիհիլիզմի հասնող պահեր կան, երբ ասում են, որ, ենթադրենք՝ «Խաչատուրովին պիտի բռնենք», խոսք չի գնում՝ ինչի՞ մասին, ինչպե՞ս. ամբողջ հարցը հետևյալն է՝ «Նրան բռնե՞նք, թե՞ չբռնենք», այսինքն՝ հանցանքի քննարկում չկա։
Երկրորդ կարևոր պահը, որ ուզում եմ առանձնացնել, այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված այս ամբողջ քննարկումներում հաճախ խոսում էին այն մասին, որ անփորձ քաղաքական գործիչներ են եղել, չեն մտածել, որ այդպիսի հետևանքներ կարող է ունենալ, և, փաստորեն, գաղտնալսումը բացահայտում է, որ իրենց բազմիցս զգուշացրել են, որ դա կարող է բերել մեծ միջազգային սկանդալի, և չնայած դրան՝ չգիտես ինչու, իրենց համար շատ կարևոր էր Խաչատուրովին պահելը։ Գաղտնալսման մեջ, փաստորեն, բացահայտ ասվում է, որ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները զգուշացրել են այդ մասին, բայց իշխանությունները Խաչատուրովի հանդեպ կայացրել են և՛ քաղաքական, և՛ իրավական տեսանկյունից ուղղակի անհասկանալի որոշում. սա, ըստ էության, կարելի է բացատրել միայն վենդետայով։
Իրականում շատ հետաքրքիր քննարկումներ կային գաղտնալսման մեջ։ Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր էր այն, որ թեպետ մինչև հիմա խոսվում է այն մասին, որ Խաչատուրովը, բոլոր բանակային գեներալները ծայրահեղ կոռումպացված են, թաթախված են ոսկիների ու դոլարների մեջ, և փաստորեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները հստակ հասկանում են, որ նրա համար 20 միլիոն դրամ գրավ մուծելը կարող է խնդիր լինել։
Չափազանց բազմաշերտ ու ուսանելի էր, բայց ամենամեծ խայտառակությունը գաղտնալսման փաստն էր ինքնին, ընդ որում՝ վարչապետին գաղտնալսելու փաստը։
Սա նշանակում է, որ մեր գաղտնի ծառայություններն ընդհանրապես ուրիշ բաներով են զբաղված, քան իրենց ֆունկցիաներն են, և ես ուզում եմ հիշել, որ, երբ որ քաղաքական դեբատների ժամանակ քաղաքական մեղադրանք ներկայացվեց Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի հանդեպ դավադրության, կրկնեմ, քաղաքական, ոչ թե իրավական մեղադրանք, հատուկ ծառայություններն անմիջապես արձագանքեցին դրան։ Ընտրարշավի ժամանակ հատուկ ծառայությունների՝ քաղաքական մեղադրանքներին արձագանքելը նշանակում է՝ փորձել լռեցնել օպոնենտին, այսինքն՝ մեր հատուկ ծառայություններն այսօր դարձել են պատժիչ կազմակերպություններ և իրենց ֆունկցիաները կատարելու փոխարեն՝ զբաղված են քաղաքական գործողություններով։
Եվ մի փոքր, բայց հետաքրքիր դետալ էլ եմ ուզում հիշեցնել։ Ակնհայտ է դառնում, որ թեպետ Yerevan.today կայքի համակարգիչը տարել էին, ու մինչ օրս չեն էլ վերադարձրել, բայց այնուամենայնիվ, գաղտնալսումները տարածվում են։ Այսինքն՝ այս գաղտնալսումները ցույց են տալիս, որ մեր անվտանգության ծառայությունները բոբիկ են, և պետք է հասկանալ, որ այդ ծառայությունները ոչ միայն գաղտնալսումները կանխելու համար են, ոչ միայն օպոնենտներին պատժելու, այլ մեր բոլորի անվտանգությունն ապահովելու համար են։ Այս գաղտնալսումից հետո մենք պետք է հասկանանք, որ անվտանգ չենք, գտնվում ենք չափազանց սպառնալից վիճակում. սա ամենամեծ հետևությունն է, որ պետք է սրանից անել։
Ինչ վերաբերում է այս գաղտնալսման արտաքին արձագանքներին ու հետևանքներին, պետք է ասեմ, որ Հայաստանի՝ որպես ինքնիշխան երկրի ինքնիշխանության գործոնը գնալով փոքրանում է, չնայած Նիկոլ Փաշինյանը հակառակն է պնդում։
Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա սա մեծ ազդեցություն չի թողնի, որովհետև սա նրա համար նորություն չէր, իսկ այլ երկրների հետ հարաբերությունների համատեքստում ակնհայտ է դառնում, թե Հայաստանն ինչքան փոքր գործոն է, Հայաստանն ինչքան թույլ է, անպաշտպան, և, բնականաբար, արտաքին աշխարհը Հայաստանին կսկսի ավելի անլուրջ մոտենալ, քան կարծում են հեղափոխականները, որոնց թվում էր, որ հեղափոխության իրականացմամբ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա դառնում է մի լուսավոր կետ։
– Եվ անխուսափելիորեն դա կանդրադառնա նաև տնտեսակա՞ն ցուցանիշների վրա, որովհետև վարչապետն ինքը բազմիցս հայտարարել է, որ ներդրումների համար ամենակարևոր բանն անկախ դատական համակարգն է։
– Եթե խոսում ենք ներդրումների մասին, ներդրումներ չկան և չեն լինի, որովհետև մենք չունենք կայուն վիճակ, չունենք տնտեսական գրավիչ միջավայր, և սա ուղղակի մի կաթիլ է՝ ցույց տալու, որ Հայաստանում ներդրված որևէ փող միշտ վտանգի տակ է։ Ի դեպ, ես ուզում եմ նշել, որ անկախ տարբեր տնտեսական ու իրավական խոչընդոտներից՝ ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, ովքեր միգուցե տեղյակ չլինելով եղած խնդիրներից, միգուցե զուտ հայրենասիրական մղումներով՝ պատրաստ են եղել ներդրումներ անել Հայաստանում, բայց նրանց այս ցանկությունը համապատասխան արձագանք չի ստացել իշխանությունների կողմից։ Այսինքն՝ ես կարող եմ ասել, որ, փաստորեն, անգամ կազմակերպական կամ քաղաքական կամքի առումով այս հայտարարությունները զուտ դեկլարատիվ են։