Քարոզարշավը  երկու հարթության մեջ է՝ սև-սպիտակ, որի գլխավոր դերակատարները ներկա ու նախկին իշխանություններն են

«Բոլոր ուժերն այնպիսի քարոզարշավ են անցկացնում, որ տպավորություն է՝ 2017 թվականը կամ 2012 թվականն է, և հաշվի չեն առնում մեկ բան՝ նախկինում քրեաօլիգարխիկ համակարգն էր որոշում ԱԺ արդյունքը՝ ընտրակաշառքի միջոցով, ու քաղաքական ուժերն այդքան էլ չէին մտածում իրենց կողմնակիցներին գրավելու, ընտրատեղամաս հասցնելու մասին: Բայց, քանի որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի լինելու, պետք է լավ պատրաստվեին, սակայն մենք տեսանք միջակ քարոզարշավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ինչպես որ խոստացել էր՝ իր սև ու սպիտակի ռազմավարությունն առաջ տարավ:

«ՀՀԿ-ն որպես մրցակից՝ տեսնում է միայն Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին՝ այն համոզմունքով, որ ով դեմ է  «Իմ քայլին»՝ կքվեարկի իրենց օգտին: Սա ռիսկային ռազմավարություն է, բայց իրենց համար այս պահի դրությամբ միակ ճիշտ ռազմավարությունն է: Շատ անհասկանալի էր քարոզարշավին մասնակից մյուս ուժերի պահվածքը: ԲՀԿ-ն քարոզարշավ իրականացնում էր այնպես, ինչպես 5 տարի առաջ: Որևէ նորություն, կրեատիվություն չկար: «Լուսավոր Հայաստանն» էր անընդհատ խոսում, որ իրենք պետք է դառնան երկրորդ ուժը, բայց այդպես էլ չէին բացատրում, թե ինչո՞ւ: Իր տարերքի մեջ էր ՕԵԿ-ը: Սոցիալական նույն տեսակետներն  են առաջ քաշել՝ ինչպես միշտ: «Սասնա ծռերը» և «Լուսավոր Հայաստանն» ունեին խաղաքարտ, բայց այդպես էլ չհասկացան, թե ո՞րն էր այն: Հասկանալու դեպքում լավ տոկոսներ կարող էին ունենալ: ՀՅԴ-ն էլ նոր ասելիք չկարողացավ առաջ քաշել: Ինչ վերաբերում է նորաստեղծ ուժերին՝ «Մենք», «Քաղաքացու որոշում», «Ազգային Առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», ապա նրանց մոտ ոչինչ չստացվեց: Ճանաչելու համար առնվազն 6 ամիս առաջ պետք է ստեղծվեին, որպեսզի  ներկայացնեին իրենց: Ասուլիսներ, հարցազրույցներ կարող են տալ, բայց դա չի նշանակում, որ ողջ ընտրազանգվածը հետևում է այդ ամենին»,- նշեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

Արմեն Բադալյանը ընդգծում է՝ արևմտամետ զանգվածի համար երեք ուժ կա՝ «Մենք», «Լուսավոր Հայաստան» ու, որոշ չափով, «Սասնա ծռեր», որոնք այս դաշտում են խաղալու, բայց դժվար է ասել, թե ո՞վ ավելի շատ ձայն կստանա:

Կարդացեք նաև

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը մայիսից կարող էին պատրաստվել ընտրություններին, եթե չի ստացվել, ապա դա իրենց խնդիրն է:

«Ամեն դեպքում քարոզարշավը նորմալ է: Այն երկու հարթության մեջ է ընթանում՝ սև-սպիտակ, որի գլխավոր դերակատարները ներկա ու նախկին իշխանություններն են: Կարծում եմ՝ սա խաղի կանոն էր, որն ընտրել էր իշխանությունը, որովհետև հնարավորություն ուներ շարժվել այլ ՝ օրինակ, բարիկադները քանդելու մարտավարությամբ: Կարող էին ՀՀԿ-ին ուշադրություն չդարձնել, բայց տեսանք, որ նրանց ընտրած մարտավարությունը, կամա թե ակամա, համընկավ ՀՀԿ-ի մարտավարության հետ: ՀՀԿ-ն իրեն դիրքավորում էր սև դաշտում և ծայրահեղ դժգոհ ընտրազանգվածին հաղորդագրություն էր ուղարկում, որ նրանց շահերի պաշտպանն այնտեղ իրենք են: Ինչ վերաբերում է նոր ուժերին՝ կարծում եմ՝ հետևողական, կրեատիվ աշխատանք կատարեցին»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Արմեն Բադալյանը հորդորեց չմոռանալ, որ այս ընտրությունները վարկանիշային էին, և մասնակցում էր 1300 թեկնածու, որոնց ոչ ոք չտեսավ:

«Ակտիվ աշխատող 1300 հոգու պետք է տեսնեիք, տեսա՞ք: Վարկանիշայինը,  ի տարբերություն շատերի՝ կարծում եմ, որ պետք է մնա, որովհետև շատ մարդիկ թաքնվում են ցուցակներում, խոսում են կուսակցության ղեկավարն ու մի քանի հոգի, մյուսներից ձայն չկա, չգիտենք՝ ո՞վ են, ի՞նչ են: Ցուցակներում 150 մարդ կա, ոչ մեկին չգիտենք»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս