«Մենք առաջարկում ենք հողի վրա աշխատողների, հատկապես՝ կանանց աշխատանքը ձևակերպել՝ որպես աշխատանքային ստաժ». Արթուր Բաղդասարյան
«Ժողովուրդը բոլորին լավ ճանաչում է և առանց վարչական ճնշումների՝ ունի ազատ, արդար ընտրություն կատարելու հնարավորություն: Մեր թիկունքում շուրջ 250 օրենքներ են, որոնց շնորհիվ Հայաստանում 212.000 մարդ ստացավ իր ավանդները: Առաջարկում ենք շարունակել վերադարձնել ավանդները, ներառյալ՝ մահացած ավանդատուների ժառանգներին: Մենք մերժում ենք հայ ժողովրդին համատարած հարկելու մոդելը: Մարտունիում շատ են մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքով վաստակում են իրենց մեկ կտոր հացը: Պետք է առանց արգելքի կարողանան շարունակել աշխատել»,- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ կարևոր է գյուղատնտեսության ոլորտը, և պետությունն ակտիվ մասնակցություն պետք է ունենա՝ առաջընթաց ապահովելու համար:
«Քանի որ պետութունը չի կարողանում գյուղացուն աշխատանքով ապահովել, մենք առաջարկում ենք հողի վրա աշխատողների, հատկապես՝ կանանց աշխատանքը ձևակերպել՝ որպես աշխատանքային ստաժ: Այսինքն, եթե մարդն իր աշխատանքով կարողանում է ընտանիքը պահել, ապա պետք է ստաժ համարել ու ժամանակին արժանապատիվ կենսաթոշակ տալ»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:
Մարտունիից հետո Արթուր Բաղդասարյանը մեկնեց Վարդենիս: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական, առողջապահական խնդիրները լուծելու համար վճռական քայլեր են անհրաժեշտ:
«Պետությունը պարտավոր է իր բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորել երկրում տարածված հիվանդությունների անվճար բուժումը: Առաջարկում ենք տեր կանգնել 200.000 միայնակ մայրերին, ընդունել օրենք մայրական կապիտալի մասին, որը հնարավորություն կտա երեխայի ծնվելուց հետո գումար ստանալ ու կրթական, առողջապահական խնդիրները լուծել»,- նկատեց ՕԵԿ նախագահը:
Անի Կարապետյան