«Ասում են՝ դա թշնամու կողմից արված բան է». Էդմոն Մարուքյան
«Սահմանամերձ համայնքներում ավելի խիստ են դատապարտում համայնքների խոշորացումը, ասում են՝ դա թշնամու կողմից արված բան է։ Եկել են, մարդկանց հետ ձևական քննարկում են արել, որի արդյունքներով որոշել են, որ՝ ճիշտ է, դուք բոլոր համայնքների ղեկավարներով դեմ եք, բայց մենք անում ենք խոշորացում»,- Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում հայատարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ համայնքների խոշորացմանն իրենց կուսակցությունը դեմ է խոսել. «Մենք նաև դեմ ենք քվեարկել։ Դրան գումարած՝ ես ասել եմ, որ ՏԻՄ օրենքի, Եվրոպական խարտիայի խախտումներով է համայնքներում իրականացվել խոշորացումը։ Եթե մի բան Շվեդիայում աշխատել է, արդյունք է տվել, չի նշանակում, որ նույն բանն արդյունք պետք է տա Շամշադինում, որտեղ ադրբեջանցիները կրակում են մեզ վրա։ Համեմատել մեր պայմանները Շվեդիայի պայմանների հետ, ուղղակի աբսուրդ է։ Մենք այս հարցով զբաղվել ենք, խնդիրներին ծանոթ ենք»։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախկին իշխանությունները որքան բարեփոխում են իրականացրել, այնքան երկրի համար ավելի վատ է եղել. «Եթե հիշում եք՝ ապրիլի 17-ին, երբ Սերժ Սարգսյանը եկել էր խորհրդարան, ես դա իրենց երեսին ասել եմ, որ ինչքան բարեփոխում արեցին, այնքան երկրի վիճակը վատացավ։ Այդ բարեփոխումներից մեկն էլ այս համայնքների խոշորացման ծրագիրն էր։ ԼՀԿ-ն այս ընտրություններում հանդես է գալիս տարածքների համաչափ զարգացման ծրագրով, ինչը նշանակում է, որ գյուղական, քաղաքային համայնքներն իրենց կյանքի որակով չպետք է տարբերվեն ավելի խոշոր համայնքների, մասնավորապես՝ Երևան քաղաքի կյանքի որակից»։
Համայնքների խոշորացումը, ըստ նրա՝ թշնամություն, սաբոտաժ է՝ համայնքների դեմ. «Դա պետք է վերանայել։ Ես որքանով հասկանում եմ՝ մենք հնարավորություն չունենք խոշորացված համայնքներում ասել՝ ամեն ինչ լավ կլինի։ Երբ համայնքը խոշորացվում է, մարդիկ սկսում են իրենց ինքնությունը կորցնել, ինչը ոչ ոք հաշվի չի առել։ Ճոխ կաբինետում նստած մարդկանց համար կարող է սա աբսուրդ թվալ, բայց ես իմ ուսումնասիրություններով հասկացել եմ, որ սա շատ կարևոր հանգամանք է, չենք կարող անտեսել»։