«Լուսավոր Հայաստան»-ն իր առաքելությունն է համարում մարդու բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր առաքելությունն է համարում մարդու բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելը: Ծրագրերն ու հատկապես աղետի գոտու խնդիրները լուծելու իրենց առաջարկներով նոյեմբերի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզում էին «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ բերեց անօթևանության հարցի լուծման իր բանաձևը: «Գյումրիում ունեք 2-4 հազար անօթևանի խնդիր, տնակային ավաններ, Վանաձորում այդ թիվն ավելի քիչ է: Անօթևանների խնդիրը դարձել է մեր երկրի ամոթը, իսկ այս հարցին այդպես էլ լուծում չի տրվել: Գյումրու տնակային ավանների անօթևանների խնդիրը մոտավորապես 30 մլն դոլարի հարց է, եթե երկրորդային շուկայից բնակարաններ գնվեն ու տրվեն անօթևաններին:
Երկրում եղել է հեղափոխություն, քրեական գործեր կան հարուցված և կան մարդիկ, ովքեր պետությանը նվիրաբերում են հողատարծք, հյուրանոց կամ գումար: Եթե այդ ամեն ինչը վերադարձվում է երկրին, ուրեմն թալանի հետևանքով առաջացած տնակային ավանների հարցը պետք է լուծվի վերադարձված գումարների հաշվին: Սա արդար մոտեցում է»,- նշեց Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ խորհրդարանում պաշտոնապես կառաջարկի վերադարձրած գումարների հաշվին բնակարան գնել և տրամադրել անօթևանին,՝ քաղաքն էլ ազատել տնակներից:ԱԺ արտահերթ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, ներկայացնելով վիճակագրական վերջին տվյալները, նշեց, եթե մինչ այս Շիրակն ուներ աղքատության 42 տոկոս ցուցանիշ, ապա այս տարի արդեն 44 տոկոս է:
«Այն մարզը, որ տալիս է լավագույն մարզական չեմպիոններին, ունի նաև այսպիսի ցուցանիշ: Ինձ համար դա վաղուց վիճակագրական թվեր չեն, այլ մարդիկ են: Ինձ այլևս այդ փաստը չի բավարարում, դա քաղաքական գործչի համար պետք է դառնա արժանապատվության խնդիր: Աղետի գոտու գաղափարն ու դրա հետևանքների չվերացումն ինձ համար նորանկախ Հայաստանի ամենաամոթալի էջն է:
Այլևս եկել է այդ ամենը վերափոխելու, վերացնելու ու վերականգնելու ժամանակը, և մեր թիմը պատրաստվում է այդ առումով գործնական քայլեր անել: Պետք է նաև վերացնել տնտեսական անհամաչափ զարգացումը»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը ՝ հավելելով, որ առաջարկում են՝ համայնքները ֆինանսավորվեն ոչ թե բնակչության թվով, այլ համաձայն աղքատության ցուցանիշի՝ ավելի շատ, քան մնացած քաղաքները:ԱԺ անցնելու դեպքում «Լուսավոր Հայաստան» -ի հաջորդ քայլը կլինի հարկային օրենսգրքի փոփոխությունը:
Ներկայացվեց նաև կուսակցության դիրքորոշումը մարզերի զարգացման, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման, պետության և հասարակության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և դրա առանձին տարրերի կայուն, համաչափ զարգացման, մրցունակ տնտեսական համակարգի ու աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման, աղքատության հաղթահարման ու սոցիալական բևեռացման նվազեցման, ժողովրդագրական քաղաքականության մշակման ու իրականացման վերաբերյալ:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս ամենին հասնելու համար հարկավոր է, որ «Լուսավոր Հայաստան»-ը դառնա 7-րդ գումարման ամենախոշոր՝ երկրորդ ուժը՝ հակակշռելով, փոխզսպելով ու մարդկանց կյանքը օր-օրի ավելի բարեկեցիկ դարձնելով:
Արմենուհի Մխոյան