Պաշտպանը ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին տեղեկացրել է արտահերթ ընտրական գործընթացի մշտադիտարկման վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկին:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Միաժամանակ ապահովելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Խումբը նաև պատասխանատու է լինելու իրավական խորհրդատվությունների, քաղաքացիների ընդունելությունների և արագ արձագանքման այցերի համար:
Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը կարևորել է անձանց ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերը: