«Սասնա ծռերի» առաջնային նպատակներից է լինելու Հայաստանի կործանված և քայքայված քաղաքների ու գյուղերի վերականգնումը
«Ցավալի է տեսնել, որ նախկին շեն Գավառն այս վիճակում է։ Այն երևի հանրապետության ամենաքայքայված վայրերից մեկն է, երբեմնի տարածաշրջանային արդյունաբերական կենտրոնը, որը հայտնվել է այս վիճակում»,- Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» առաջնային նպատակներից է լինելու Հայաստանի կործանված և քայքայված քաղաքների ու գյուղերի վերականգնումը։
Կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Պերճ Մեսրոպյանը գավառցիներին վստահեցրեց, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը համարվում է ամենասկզբունքային և հայրենասիրական կուսակցություններից մեկը, ուստի խորհրդարան անցնելուց հետո հայ ժողովրդի համար ստեղծելու են այն լավագույն պայմանները, որը մինչև այսօր բացակայել է նրա կյանքում։
«Մենք ձեզ խնդրում ենք լինել պահանջատեր, բարձրացրեք ձեր խնդիրները, և դրանց լուծումները շատ կտրուկ կստանաք։ Ընտրեք այն մարդկանց, որոնք ձեզանից մեկն են, որոնք պատասխանատվություն են զգում ձեր հանդեպ»,- նշեց Պ. Մեսրոպյանը։
Զվարթ Խաչատրյան