Տարածքային ընտրական հանձնաժողովները հայտնաբերել են անթույլատրելի վայրերում փակցված նախընտրական պաստառներ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ տարածքային ընտրական հանձնաժողովները շրջայցեր են իրականացնել Երևանում և մարզերում և հայտնաբերել անթույլատրելի վայրերում փակցված նախընտրական պաստառներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է համապատասխան գրություններ ուղարկել Երևանի քաղաքապետին և մարզպետներին: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Նոյեմբերի 28-ին և 29-ին ԿԸՀ-ի հանձնարարությամբ տարածքային ընտրական հանձնաժողովները շրջայցեր են իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս քաղաքներում: Եվ առանձին վայրերում հայտնաբերվել են պաստառներ, որոնք փակցված են ոչ թույլատրելի վայրերում, մասնավորապես, դրանք եղել են շենքերի շքամուտքերում, հանրային սննդի օբյեկտներում: Երևանում հայտնաբերվել են պաստառներ, որոնց մակերեսները մեծ են 5 քմ-ից և փակցված են բազմաբնակարան շենքերի ընդհանուր սեփականություն հանդիսացող դիմային պատերին: Սակայն օրենսգիրքը շատ հստակ ամրագրել է, թե որ վայրերում պիտի փակցվեն այդ պաստառները»,- ասաց Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց, որ ստացված տեղեկատվության հիմքով կնախապատրաստվեն համապատասխան գրություններ: Ոչ թույլատրելի վայրերում տեղադրված պաստառների հեռացման պարտականությունը տեղական ինքնակառավարման մարմիններինն է՝ անհրաժեշտության դեպքում՝ նաև ոստիկանության ներգրավմամբ: ԿԸՀ-ն գրությամբ կդիմի և՛ Երևանի քաղաքապետին, և՛ հանրապետության մարզպետներին, որպեսզի վերջիններս համայնքների ղեկավարներին հորդորեն հետևել գործընթացին և հեռացնեն չնախատեսված վայրերում փակցված պաստառները:
Մուկուչյանը նշեց, որ հնարավորության դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները որոշակի պաստառներ արդեն հեռացրել են: Սակայն, նա կարևորեց, որ այդ հարցին առանձնակի ուշադրություն դարձնեն նաև մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին: