«Հայաստանի և Վրաստանի ընտրական գործընթացների հարցում զուգահեռներ տանել պետք չէ». վրացի փորձագետ
«Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները ձևավորվեցին ոչ թե խախտումների շնորհիվ, այլ այն հանգամանքի, որ իշխանությունը կարողացավ իր ընտրազանգվածին մոբիլիզացնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59.61 տոկոսը, իսկ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40.39 տոկոսը: Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ընդդիմությունը, որոշ դիտորդներ, կազմակերպություններ իշխանությանը մեղադրում են ընտրախախտումների մեջ: Սակայն, ըստ նրա, սխալ կլինի պնդել, որ ընտրախախտումները մասսայական բնույթ են կրել, քանի որ ընտրական օրվա երկրորդ կեսին և ընդհանուր առմամբ շատ խախտումներ չեն եղել:
«Ընտրությունների արդյունքները ձևավորվեցին ոչ թե՝ խախտումների շնորհիվ, այլ այն հանգամանքի, որ իշխանությունը կարողացավ իր ընտրազանգվածին մոբիլիզացնել, առաջին փուլից հետո հասկանալով, որ թեկնածուների հնարավորությունները հավասար են: Իսկ իշխանության համար ընտրազանգված մոբիլիզացնելն այդքան էլ դժվար խնդիր չէ: Սա առաջին գործոնն էր, երկրորդը՝ մանր-մունր ընտրախախտումները, որոնք այնպես էին կազմակերպված, որ չեն կարող այս ընտրությունները չեղարկելու պատճառ դառնալ»,- ասաց Մենագարիշվիլին:
Նրա կարծիքով, Սահակաշվիլիի կոչը՝ քաղաքացիական անհնազանդություն սկսելու մասին, որևէ լուրջ արձագանք չի ստանա հասարակության շրջանում, թեև իշխանությունից կա հիասթափության որոշակի մակարդակ: «Այսինքն` կարծում եմ, որ մի որոշ ժամանակ ակտիվ փոխադարձ մեղադրանքներից հետո բոլոր կողմերը կհամակերպվեն այս արդյունքների հետ»,- ասաց Մենագարիշվիլին:
Անդրադառնալով նորընտիր նախագահի արտաքին քաղաքական նախընտրություններին` Մենագարիշվիլին ասաց, որ Զուրաբիշվիլին, ինչպես նաև Վաշաձեն, արևմտամետ դիվանագետներ են:
«Չէ՞ որ աշխատել էին Սահակաշվիլիի կառավարությունում: Զուրաբիշվիլին ավելի եվրոպական կողմնորոշում ունի, նրա դիվանագիտական արմատները Ֆրանսիայում են: Կարծում եմ` եվրաատլանտյան կողմնորոշմանը ոչինչ չի սպառնալու նրա նախագահության օրոք, ավելին, Ռուսաստանի հետ հարաբերություններում փոփոխություններ ևս կանխատեսելի չեն՝ հաշվի առնելով Զուրաբիշվիլիի կողմնորոշումը, նույնիսկ միջնորդները, կարծում եմ` ոչինչ չեն կարող փոխել: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, այս ուղղությամբ ևս ոչինչ չի փոխվի, հատկապես՝ հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց Մենագարիշվիլին:
Վրացի քաղաքական վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ևս առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, որոնք առաջին մեծ ընտրություններն են լինելու հեղափոխությունից հետո:
«Կարծում եմ` այս ընտրությունները կանցնեն մաքուր և կարտացոլեն հանրային իրական տրամադրությունները, ընտրախախտումներ չպետք է գրանցվեն, այլապես դա հարված կլինի նոր իշխանությունների քաղաքական հեղինակությանը: Բայց Հայաստան-Վրաստան քաղաքական զարգացումներում, ընտրական գործընթացներում զուգահեռներ անցկացնել պետք չէ, քանի որ դրանք բոլորովին տարբեր գործընթացներ են, և Հայաստանում ակտիվ պրոցեսները շարունակվելու են նաև ընտրություններից հետո, քանի որ դրանից առաջ տեղի է ունեցել հեղափոխություն, և իշխանությունը լուրջ խնդիր ունի արագ արդյունքներ ցույց տալու, այլապես կարճ ժամանակում կկորցնի իր ընտրազանգվածին:
Հայաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար, քանի որ հարևան երկրներ են, ներքաղաքական կայունությունից է կախված նաև ողջ տարածաշրջանի կայունությունը»,- ասաց Մենագարիշվիլին: