«Շատ հարցերում պետք է օժանդակեն Նիկոլ Փաշինյանին, որ նա կարողանա խնդիրները լուծել». Խաչատուր Քոքոբելյան
«Հիմա արդեն մի գիծ ա քաշվել, գծի էն կողմը մնացել են մյուսները։ Պետք է վերադարձ չլինի հին, մաշված և Հայաստանը ցած տանող մեթոդներին, թալանին։ Այսօր նույնիսկ չեն ամաչում, շատ-շատերը էնպես են խոսում, որ իրանք կապ չեն ունեցել Հայաստանի էս վիճակի հետ»,- այսօր Ամասիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։
Ըստ նրա՝ այժմ այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ մենակ պայքարող մարդն է արժեքավոր։ Խ. Քոքոբելյանը հորդորեց կարդալ ծրագրերը։ Նա նշեց, որ իրենց ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել միջհամայնքային ճանապարհներին, աշխատատեղերին, թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս փոքրամասնությանը կառավարության վրա ճնշումներ գործադրել ու լուծել խնդիրները. «Բնականաբար, մենք եղել ենք փոփոխությունների կենտրոնում հենց առաջին օրից, մենք 20 տարուց ավելի պայքարում ենք միասին՝ էլ Մարտի 1-ի դեպքեր, համագումարներ, տարբեր միջոցառումներ, և մենք բոլորս պայքարել ենք, որ փոփոխությունը Հայաստանում գա»։
Նա նշեց, որ շատ հարցերում պետք է օժանդակեն Նիկոլ Փաշինյանին, որ նա կարողանա խնդիրները լուծել, բայց միևնույն ժամանակ լինելու են հիմնական ընդդիմախոսն ու ուղենիշներ ցույց տվող քաղաքական ուժը։
Քոքոբելյանը հայտարարեց, որ «հանցագործություն է ՀՀԿ-ին ձայն տալը»։ Նա հարցադրում արեց, թե ով է մինչ այս ապահովել Հայաստանում թալանը, ով է ապահովել կոռուպցիան. «Ո՞վ կպատկերացներ, կես կատակ, կես լուրջ, որ իրենք իրենց հույսը կդնեն մտահոգ մարդկանց վրա»։