«Մենք պահանջում ենք, որ դատարանի կազմը որոշվի օրենքով, ոչ թե որևէ անձի կամայական ցանկությամբ». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իր ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Նիստն ընդմիջվել է մինչև ժամը 17:00-ն։

Լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը խոսել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու պատճառների մասին։

«Մենք դատական նիստից մի քանի օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթում կարդացինք նիստից, որ, պարզվում է, վիճակահանություն է եղել վերաքննիչ դատարանով, որով էլ որոշվել է, թե ո՞ր դատավորը պետք է քննի գործը։ Նման բան օրենքով նախատեսված չէ, և մենք փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք եղել է այդպիսի բան, ինչը վերջինս հաստատեց։ Երեկվա նիստում մենք պահանջեցինք, որ դատավորը ներկայացնի «Վիճակահանություն» գործողության արձանագրությունը, որովհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատավարական ցանկացած գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա։ Դատավորն ընդմիջում հայտարարեց, հեռացավ խորհրդակցության, ապա եկավ ու ասաց, որ նման արձանագրություն չկա, ու ներկայացրեց լրացուցիչ պարզաբանումներ, որոնք խորացրին մեր կասկածները։ Նա ասաց, որ, թեև վիճակահանության ժամանակ ինքն է քաշել էդ թուղթը, բայց չգիտի՝ դատարանի նախագահն այդ գործն իրեն հանձնելիս այդ վիճակահանության արդյունքնե՞րն է նկատի ունեցել, թե՞ ինչ-որ այլ չափանիշերով է առաջնորդվել»,- ասել է Հայկ Ալումյանը։

Վերջինս հավելեց, որ սրանով անորոշությունն է՛լ ավելի մեծացավ, բայց դատավորն իրենց առաջարկել է այդ ամենը պարզել դատարանի նախագահի պաշտոնակատարից, ինչը նրանք փորձել են անել՝ խնդրելով տրամադրել վիճակահանության արդյունքների արձանագրությունը։

Ըստ Հ. Ալումյանի՝ նրա բացատրության մեջ հակասություն կար։ Մի կողմից՝ ասվում էր, որ վիճակահանություն է եղել, մյուս կողմից էլ՝ թե դատարանների ծանրաբեռնվածության սկզբունքի վրա հիմնվելով է ընտրվել դատավորը։ Այնինչ, նրա խոսքով՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել, որ իր գործը քննի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը։ Դա էլ, ինչպես նշեց պաշտպանը, նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ինչ-որ գործ քննելու համար ստեղծվում է դատարանի կազմ, այդ կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա, և իրենք այսօր դա ներկայացրել են դատարանին։

«Դատախազությունը չեզոք դիրքորոշում արտահայտեց, և զարմանալի էր, բայց քննիչն էլ ասաց, որ, այո, տվյալ գործը տվյալ դատավորը չպետք է քննի։ Կարծում եմ, նա այդպես ասաց, որ պատրանք ստեղծի, թե երկու կողմերն էլ դատավորից դժգոհ են։ Դա տակտիկական քայլ է՝ տպավորություն ստեղծելու համար, թե գործ ունենք արդար դատավորի հետ»,- նկատեց Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի անդամը։

Ըստ Հայկ Ալումյանի՝ օրենքով սահմանված կարգն այն է, որ համակարգիչը լրիվ պատահականության սկզբունքով ընտրում է գործը քննող դատավորին, և եթե օրենքով սահմանված կարգով կորոշվի, որ կրկին Ռուբեն Մխիթարյանը պետք է քննի գործը, իրենք դրան դեմ չեն լինի։

Այսինքն, ըստ նրա՝ այստեղ խնդիրը ոչ թե դատավորի անձն է, այլ օրենքի տառի պահպանումը, որը կփարատի բոլոր կասկածները։ Հ. Ալումյանի խոսքով՝ ըստ էության, մինչ այս պահը գործը չի քննվել, ընդամենը մինչ այժմ որոշվում է, թե ով պետք է քննի գործը։

«Իրենք ասում են, թե սա մինչդատական վարույթի հարց է, և այս դեպքում համակարգիչը չպետք է որոշի, մենք էլ ասում ենք՝ ցույց տվեք այդ օրենքը, որը իրենք չեն կարողանում ցույց տալ։ Միգուցե դեռ ԲԴԽ-ն չի որոշել կարգը, զուտ տեխնիկական խնդիրներ են, բայց դա մեզ չի հետաքրքրում։ Մենք պահանջում ենք, որ դատարանի կազմը որոշվի օրենքով, ոչ թե որևէ անձի կամայական ցանկությամբ»,- եզրափակեց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ ինքը չի կարծում, որ այսօր խափանման միջոցի հարցը կորոշվի։

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին և միացել է պաշտպանների միջնորդությանը։

Տեսանյութեր

Լրահոս