«Երդվում եմ՝ կնոջս, դստերս և որդուս անուններով, ոչինչ չունեմ, չի էլ լինելու». Ստեփան Գրիգորյանը՝ արմավիրցիներին

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում է Արմավիրի մարզում։

Տանձուտ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցում են, որպեսզի անցնեն խորհրդարան և վերահսկեն կառավարությանը, ինչպես նաև հանդես գան առաջարկներով։
Ստեփան Գրիգորյանը հավաքվածներին  հիշեցրեց, որ նոյեմբերին կեսերին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Նորքի զանգվածում քանդվեց հսկա շինություն։

«Ջահել տղերք էին, ինչ-որ շինություն էին կառուցել, քանի որ սա դուր չէր եկել օլիգարխներին, փող տվեցին, քաղաքապետարանը եկավ քանդեց, սա մենք թույլ չենք տա, թույլ չենք տալու, որ հայի տունը քանդեն»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։

Ըստ նրա, այս ընտրություններով է որոշվելու՝ երկիրը երկիր կդառնա՞, թե՞ ոչ։

«Եթե խորհրդարան անցնի մի ուժ, սակայն դրան չլինի հակակշիռ ուժ, ապա կլինի նույն վիճակը, ինչ ունեինք նախկինում։ Մենք ձեզ ասում ենք՝ ուշադիր կարդացեք մեր ծրագիրը, ամեն ինչ շատ կոնկրետ է, սոցիալական հարցեր կան, գյուղտնտեսություն։ Ծրագրից էլ զատ, մեզ ճանաչում եք, Ժիրայր Սէֆիլյանին գիտեք, ինձ էլ ասեմ, որ իմանաք՝ Գերագույն խորհրդի պատգամավոր եմ եղել, դեսպան, այնպես չէ, որ խելոք տղա եմ, բայց այսօր ապրում եմ այն նույն բնակարանում, ինչ 1990 թվականին։ Ունեմ մեկ մեքենա, ավտոտնակ, ինչպես 90-ականներին, և ուրիշ ոչինչ։ Երդվում եմ՝ կնոջս, դստերս և որդուս անուններով, ոչինչ չունեմ, չի էլ լինելու»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։

Նա նաև ասաց, որ կողմ է, որպեսզի երիտասարդներին տեղ տան, բայց, ըստ նրա՝ տեղ տալ էլ կա, տեղ տալ էլ, քանի որ այսօր որոշ երիտասարդների այնքան առաջ տարան, որ նշանակեցին նախարար։

Նրա այս խոսքերից հետո տանձուտցիներից մեկը նկատեց, որ այդ երիտասարդները մինչև դառնան նախարար, իրենք կմեռնեն։

Ստեփան Գրիգորյանը խոսեց նաև Արցախի հարցից և նշեց, որ հարցի լուծման համար բոլորը սկսում են առաջ բերել փոխզիջումների տարբերակը, «Մադրիդյան սկզբունքները», և այլն։

«Տպավորություն է, որ ձեզ խաբում են, Ալիևը թքած ունի այդ սկզբունքների վրա, հիմա ինչու են ժողովրդին խաբում։ Հարցի հետ կապված՝ մենք ասում ենք, որ Արցախը պետք է միավորվի Հայաստանին։ Մենք պայքարել ենք միացման համար, այլ  ոչ թե՝ անորոշ վիճակի»,- նշեց Ս. Գրիգորյանը։

Բնակիչներից մեկը  հարց ուղղեց նրան, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, Ստեփան Գրիգորյանն էլ պատասխանեց, որ «Սասնա ծռերը» գալիս են նման ծրագրով, որ Արցախը միացնեն Հայաստանին, և կոչ արեց բոլորին աջակցել իրենց։

Մեծամոր քաղաքում «Սասնա ծռերը» նույնպես հորդորեցին ընտրել իրենց, քանի որ 1990 թվականից սկսած պահել ու պահպանել են հայի արժանապատվությունը և այսօր էլ անշահ ծառայում են ազգին և պետությանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս