«Ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են դիմել նման քայլի և գաղտնալսել երկրի անվտանգության ծառայության պետին ու ՀՔԾ պետին». Վանեցյան
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալելու դեպքին՝ հայտարարելով, որ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար:
«Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց»,- ասաց Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը և ժամանակը ցույց կտա՝ կգտնե՞ն այդ մարդկանց պատժելու համար։
«Այս պահին չգիտեմ, հնարավոր կլինի փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց։ Ուղղակի մի բան ասեմ, անկեղծ, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են դիմել նման քայլի և գաղտնալսել երկրի անվտանգության ծառայության պետին ու ՀՔԾ պետին», – ասաց Վանեցյանը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ասաց, որ գաղտնալսումը համացանցում եղել է սեպտեմբերի 6-ից, սակայն այն հանրության լայն շերտերին հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ից։