«Ոչ թե ներդրողին պետք է խնդրենք, որ գա՝ մեր երկում գումար դնի, այլ այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որ իրենք խնդրեն». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանն այսօր աբովյանցիների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր երկրում հիմնական խնդիրն այն է, որ լինի տնտեսական հեղափոխություն։

«Բոլորն էլ ուզում են լավ ապրել։ Այսօր անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որի հնարավորությունը կա։ Ես ոչ թե անգիր եմ արել, եկել եմ, որ ձեր սիրտը շահեմ, այլ միշտ ասել եմ այն, ինչ զգում եմ, տեսնում եմ։ Ես ամեն օր շփվում եմ բոլոր ոլորտների մարդկանց հետ. բոլորին աջակցում եմ, բայց աջակցելով երկիր չես զարգացնի։ Ինչքան ոլորտ ունենք, այդքան էլ խնդիր ունենք, այդ բոլոր ոլորտները պետք է կարգավորվեն»,-հայտարարեց նա։

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հայ ժողովուրդն աշխատասեր է, հյուրասեր. «Աշխարհի տարբեր ծայրերից ինչքան հյուր ենք ունեցել, հիացած գնացել են։ Մարդը աշխատում՝ պարտք է փակում, բայց հյուր է գալիս, նորից պարտք է վերցնում, որովհետև հյուրասիրելը մեր արյան մեջ է։ Այո, կչարչարվենք, կտուժենք, բայց այդ հյուրասիրությունը կանենք, և մեր հյուրերը հիանում են։ Ծառուկյանը ոչ թե անգիր արած եկել է, այլ այդ ամբողջը հասկանում է։ Եթե այսօր ցանկացած գործարար իր տարեկան շահույթը կարող է լինել 5-7 տոկոս, բանկի տոկոսը չի կարող 8-12 տոկոս լինել»։

Ծառուկյանն ասաց՝ չկա մի բան, որ ասի և չանի. «Ես ուզում եմ, որ իմ երեխաները լավ, հզոր, զարգացող երկրում ապրեն, ապագաները փայլուն լինեն։ Իսկ մի ծաղկով գարուն չի գա, պետք է ամբողջ ազգը լավ ապրի։ Մեր ծրագրում բոլոր կետերը կան, բոլորը պետք է իմանան, որ իրենց աջակցում են։ Ներդրումներ պետք է լինեն. ոչ թե ներդրողին պետք է խնդրենք, որ գա՝ մեր երկում գումար դնի, այլ այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որ իրենք խնդրեն, մեր երկրում ներդրումներ անելու հերթ լինի»։

Տեսանյութեր

Լրահոս