«ԵՄ-ից մինչև ԱՄՆ՝ դիտորդները նշել են, որ 2017թ. ընտրությունները ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններն են եղել». Արփինե Հովհաննիսյան
«Երկիր Մեդիա» Հ/Ը եթերում, անդրադառնալով քարոզարշավից առաջ վարչական ռեժիմի չարաշահմամբ արդեն իսկ քարոզարշավ անցկացնելու՝ ՀՀԿ, ՀՅԴ կուսակցությունների և «Մենք» դաշինքի ահազանգերի վերաբերյալ իշխանությունների այն հակադարձմանը, թե Ընտրական օրենսգիրքը չի արգելում քարոզարշավը, և բացի այդ, իրենք էլ կարող են իրենց համակիրներին հավաքել ու շփվել նրանց հետ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իշխանությունների այդ մոտեցումը չափազանց պարզունակ է։
««Իմ քայլը» դաշինքը չէ, որ մեզ պիտի ասի, թե ինչ անենք։ Մենք խոսում ենք այն մասին, որ վարչապետ Փաշինյանը, երկրի իշխանություններն անում են քայլեր, որոնք հակասում են միջազգայնորեն ընդունված չափանիշերին։ Դրանց համաձայն՝ պաշտոնատար անձինք իրենց գործողությունները կատարելիս չպետք է չարաշահեն վարչական ռեսուրսը։ 2017թ. ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը բարձրաձայնում էր վարչական ռեսուրսի չարաշահման մասին, սակայն միջազգային դիտորդների փաստաթղթերում դա չարտացոլվեց, այժմ էլ մենք ենք բարձրաձայնում, և կտեսնենք, թե նրանք՝ միջազգային դիտորդները, այս անգամ ինչպես կարձագանքեն»,- նշեց ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից երթ ու հանրային հավաքներ անելուն, Ա. Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենք առաջնորդվում են իրենց իրենց իսկ ընտրած մարտավարությամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկի կողմից թելադրված, կեղծ օրակարգով։
Խոսելով այն մասին, որ ներկայումս շատ են վկայակոչում 2017թ. խորհրդարանական ընտրություններն ու շահարկում դրանք, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն ասաց, որ Եվրամիությունից մինչև Միացյալ Նահանգներ՝ դիտորդներն իրենց զեկույցներում նշել են, որ այդ ընտրություններն արտացոլել են ժողովրդի կամքը, և այդ ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններն են եղել։