Բաժիններ՝

Նոր ծրագիր հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար. «Երևան իմ սեր» հիմնադրամը հմտությունների փոխանցման, աշխատանքի տեղավորման նախաձեռնություն է սկսում

«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է նոր ծրագիր՝ վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, ծրագիրն առաջին հերթին նպատակ ունի երիտասարդներին այնպիսի հմտություններ սովորեցնել, այնպիսի մասնագիտական գիտելիքներով օժտել, որ դառնան լավ մասնագետ:

«Իրականացնելու ենք ունակությունների գնահատման աշխատանք, որից հետո կներգրավվեն այն ծրագրերում, որոնց արդյունքում իրենք կարող են դառնալ բարձրակարգ մասնագետներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ենթադրում է դասընթացների շարք: Առաջին շարքը լինելու է ֆոտո և վիդեո նկարահանումների մասնագիտական գիտելիքների ուսուցում, ինչպես նաև ֆոտո և  վիեդոնյութերի համակարգչային մոնտաժման, մշակման ծրագրերի ուսուցում: Դասընթացի լավագույն մասնակիցները կստանան ոչ միայն խրախուսական մրցանակներ, այլև նրանց կարող ենք ապահովել աշխատանքով»,-ասաց Արշակ Կարապետյանը: Նրա խոսքով, այդ առնչությամբ արդեն նախնական քննարկումներ, պայմանավորվածություններ կան շահագրգիռ գործատուների հետ: Ամեն ինչ պարզ կլինի դասընթացի ընթացքում նրանց ձեռք բերած գիտելիքներից, առաջադիմությունից:

Դասընթացները շարունակական են լինելու և առնչվելու են տարբեր ոլորտներին: Նախատեսվում է՝ այս դասընթացի ավարտից հետո, իրականացնել միջին մասնագիտական կրթության կամ արհեստագործական հմտությունների ուսուցում:

«Դա ուղղակի պայմանավորված է թե տղաների նախասիրությամբ, թե նրանց ունակություններով, ինչպես նաև պոտենցիալ գործատուների պահանջարկով, որովհետև ծրագրերի ամբողջական արդյունքը մենք կհամարենք ապահովված այն դեպքում, երբ գործատուին կտանք այն հմտություններով օժտված մասնագետին, որն իրականում բեռ չի դառնա նրա համար: Իսկ տղաներին կտանք իրենց աշխատանքով արժանապատվորեն աշխատելու, գումար վաստակելու հնարավորություն և որ շատ կարևոր է, իրենք իրենց զգան հասարակության լիարժեք անդամ»,-ավելացրեց Արշակ Կարապետյանը:

Արշակ կարապետյանը տեղեկացրեց, որ բացի տեսականից նաև մեծ ծավալի գործնական պարապմունքներ են նախատեսված: Գործնական և տեսական  պարապմունքները համատեղ են լինելու: Տղաներին դասավանդելու են հանրապետության բարձրակարգ մասնագետները,այդ թվում ֆոտո և վիդեոդասընթացները դասավանդելու են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչն ու օպերատորը:

Դասընթացը մեկնարկելու է դեկտեմբերի սկզբին, տևելու է երեք ամիս: Ծրագրում ընդգրկվում են այն տղաները, ովքեր ունեն սեր լուսանկարչության, տեսանկարահանման նկատմամբ, ցանկանում են հմտանալ:

Արշակ կարապետյանը տեղեկացրեց, որ «Երևան իմ սեր» հիմնադրամն այս պահին իրականացնում է մի քանի ծրագիր, դրանցից մեկը սոցիալական խնդիրներ ունեցող կամ անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաների համար նախատեսված վարպետության դասերն են: Տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներն իրենց փորձն են փոխանակելու երիտասարդ սերնդին:

«Նման առաջին նախագիծը մենք իրականացնում ենք ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ: Դեկտեմբերի սկզբից մոտ 50 երեխայի համար երեք ամիս շարունակ վարպետության դասեր են անցկացվելու: Բոլոր ծրագրերի ծախսերը հոգում է «Երևան իմ սեր» հիմնադրամը: Դրան զուգահեռ, այս պահին մեր ուշադրության կենտրոնում է նաև Գյումրիի երկրագիտական թանգարանը: Օրեր առաջ այնտեղ եղել է նախագահ Արմեն Սարգսյանը: Այդ առնչությամբ արդեն հստակ ծրագիր կա և քննարկումներ ենք իրականացրել Մշակույթի նախարարության հետ»,-հավելեց Արշակ Կարապետյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս