«Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի է մատնել ԱՄՆ-ին». «STAR»
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանի Սոչիում ունեցած հանդիպումները ԱՄՆ-ին ստիպել են նոր քայլեր ձեռնարկել Սիրիայում: Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը և հավելում, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի է մատնել ԱՄՆ-ին:
Լրատվականը նշում է, որ Պենտագոնը նկատելով, որ Թուրքիան Եփրատի արևելքում ռազմական գործողությունների է պատրաստվում, հայտնել է, որ թուրք-սիրիական սահմանին դիտակետեր է հիմնելու:
Ըստ հրապարակման` ԱՄՆ-ն բացահայտ կերպով ասել է իր նպատակը՝ Թուրքիային հեռու պահել Եփրատի արևելքից` չնայած Մանբիչում Թուրքիայի և Սիրիայի միջև ձեռք բերված համատեղ ճանապարհային քարտեզի:
Կայքը հայտնում է, որ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի վերջին հայտարարությունները Թուրքիայում «Եփրատի արևելքում ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել Թուրքիայի դեմ և ձեռնոց է նետել Անկարային» շեշտադրմամբ են մեկնաբանվում:
Այլ աղբյուրների համաձայն` ԱՄՆ-ն դիտակետի կառուցումով կանխում է Եփրատի արևելքում Թուրքիայի միջամտությունը և թիրախի տակ է առնում Թուրքիայի ԶՈՒ-ի շարժերը:
Նշվում է նաև, որ թուրք-սիրիական սահմանին հիմնվելիք դիտակետերով ԱՄՆ-ն «պաշտոնապես» սահմանային հարևան է դառնալու Թուրքիայի հետ:
Այս թեմայի շուրջ իր դիտարկումներն է արել նաև պաշտոնաթող գեներալ Իհսան Բաշբոզքուրթը. «Եթե ԱՄՆ անկեղծ է, ապա Թուրքիայի հետ կհամագործակցի: Պետք է դիտակետերը միասին հիմնեն»: