Բաժիններ՝

Աստվածածինը նրան բերեց եկեղեցի

-Աստվածածնի շնորհիվ Աստված մարդացավ: Պատահական չէ, որ Աստված հենց իրեն ընտրեց, ինչպես և պատահական չէր, գուցե, տարիներ առաջ` հենց այս օրը, եկեղեցում իմ՝ Աստվածածնի մասին քարոզին նրա պատահական հայտնվելը,- պատմեց Տեր Հայրն ու մի պահ լռեց, կարծես ցանկանում էր խնամքով վերապատմել ու հիշել այն ամենն, ինչ կար այդ օրվա մեջ ամփոփված:

-Մի մտերիմ ընտանիք ունեմ, ում հետ շատ հարազատ փոխհարաբերություններ էի հաստատել և ինձ համար ցավալի էր տեսնել, որ այդ ընտանիքում աղջիկ երեխան գնում էր աղանդի: Ես ամեն կերպ փորձում էի նրան ուղղորդել, հետ պահել ոչ ճիշտ ճանապարհից, բացատրել այդ ամենի բացասական հետևանքները: Արդյունքում ստացվեց այնպես, որ աղջիկը, ով եկեղեցի չէր հաճախում, մի օր, ինձ տեսնելու մտադրությամբ, եկավ եկեղեցի և, ինձ չգտնելով աշխատասենյակում, մտավ եկեղեցի այն ժամանակ, երբ ես քարոզում էի Աստվածածնի մասին ու չցանականալով ընդհատել՝ մնաց և ունկնդրեց:

Ալիսան (աղջկա անունը փոխված է), ով տպավորվել է քարոզից, մի քանի օր շարունակ տանջվել է, իր մեջ սկսել վերլուծել ամեն բան և չանցած մեկ շաբաթ՝ գնացել է Տեր Հոր մոտ և պատմել, խոսել իրեն հուզող հարցերի մասին:

-Այսօրվա պես հիշում եմ նրա դեմքը: Ինձ տեսնելուն պես՝ նա հարցրեց՝ Աստվածածինը բացառիկ սուրբ է եղե՞լ: Իհարկե, միանշանակ, պատասխանեցի ես և ոգևորված նրա հետաքրքրությամբ, սպասում էի հերթական հարցին, իսկ նա դրա փոխարեն ավելացրեց՝ նա է եղել ամենամաքուրը, ամենաարժանին, ինչի շնորհիվ էլ Աստված հենց իրեն է ընտրել որպես մայր, իսկ ես մինչ օրս Աստվածածնին շնորհակալություն չեմ հայտնել:

Աղանդների մոտ չկան սրբեր: Նրանք չեն ընդունում, որ գոյություն ունեն սրբեր, որոնց բարեխոսությանը պիտի արժանանք:

Տեր Հայրն անկեղծանում է, որ ամեն անգամ այդ աղջկան հանդիպելիս՝ զրույցի ընթացքում, նշում է, որ Աստվածածինը նրան բերեց եկեղեցի:

Աստվածածինը մեր բոլորիս հոգևոր մայրն է: Ամենևին պատահական չէ, որ մեր եկեղեցու բոլոր խորաններին Աստվածածնի նկարն է մանուկ Հիսուսի հետ: Բոլոր հայ առաքելական եկեղեցիների գլխավոր խորաններն օծվում են Աստվածածնի անունով:

Հատկանշական է նաև այն, որ Աստվածածինն Աստվածաշնչում ընդամենը մեկ պատգամ է տալիս՝ Հիսուսն ինչ ասի, այնպես էլ արեք (Հովհ. 2:1-11):

Սա, թերևս, կարևորագույն պատգամներից է, որ մեզ տվել է Աստվածածինը: Սա է մեր բոլորիս փրկության բանաձևը:

Աստվածածինն այն միակն էր, ով մեր բոլորիս անունից ողջ մարդկության մեջ աշխարհին ասաց՝ Տեր, ես քո աղախինն եմ:

Արդյունքում Աստված մարդացավ մեր փրկության համար:

Լիլիանա Օսիպյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս