«Վարչական ռեսուրսի չարաշահում չի եղել». Արմեն Բադալյան

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը վարչական ռեսուրսի չարաշահում չի համարում Գեղարքունիքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և կոչերը՝ վստահության քվե տալ իրենց։

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի քարոզարշավի սկսվելուց առաջ իրականացնել ցանկացած գործողություն։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է միայն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում քարոզչության հարցերը, իսկ դրանից առաջ ցանկացած միջոցառում կարելի է իրականացնել։ Սա, ի դեպ, նույնպես ցույց է տալիս քաղաքական մյուս ուժերի ոչ ադեկվատությունը, ասում են՝ այ, ինչո՞ւ է մյուսը քարոզարշավ անում, և հարց չեն տալիս՝ իսկ ինչո՞ւ մենք չարեցինք։ Հասկանո՞ւմ եք, խնդիրն այն է, թե ինչու ես նայում՝ ուրիշն ինչ արեց, դու քոնն արա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ա.Բադալյանը։

Ըստ նրա՝ ոչ ոք չի կարող վարչապետին արգելել գնալ որևէ համայնք և այդտեղ ելույթ ունենալ, հաշվետվություն ներկայացնել իր կառավարության գործունեության վերաբերյալ այն ձևով, ինչ վարչապետն է ցանկանում ներկայացնել, հանդիպել ՀՀ բնակիչների հետ և ներկայացնել իր ապագան.

«Ոչ մեկը չի արգելում։ Վարչական ռեսուրսի չարաշահում կիներ այն ժամանակ, երբ կունենայիք փաստ, որ վարչապետը կամ նրա օգնականը զանգում է մարզպետին, մարզպետը զանգում է իր ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին և ասում է՝ այդտեղ աշխատող մարդկանց պարտադիր աշխատանքի ժամին ուղարկում եք դեպի վարչապետի հավաքին։ Կոնկրետ զանգեր կա՞ն։ Եթե կոնկրետ փաստեր կան, դա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Ունե՞ք կոնկրետ փաստեր։ Եթե չունեք, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի գնալու և հանդիպելու, առավել ևս՝ վարչապետը։ Ինքն այդպես է նպատակահարմար գտել»։

Վաղը Երևանում Փաշինյանի հրավիրած քայլարշավը, ըստ նրա, նույնպես նորմալ է. «Քայլարշավ է անում՝ ուսումնասիրելու, տեսնելու համար, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում իր կառավարությանը, կամ ուզում է ուսումնասիրել, թե քաղաքապետն այս 2 ամսվա ընթացքում ինչ է իրականացրել Երևանում իր տված խոստումներից։ Ուղղակի փողոցով քայլում է, նայում։ Հազար պատճառ կարող ենք բերել։ Իհարկե, դա նախընտրական թաքնված քարոզարշավ է, բայց դա օրենքի խախտում չէ։ Իսկ ինչ որ օրենքի խախտում չէ, դա նորմալ է։ Եվ դա ցույց է տալիս, որ այս մի ուժը՝ իշխող քաղաքական ուժը, գիտի՝ ինչ է անում, իսկ մյուսները չգիտեն։ Այ, դա պրոբլեմ է»։

Տեսանյութեր

Լրահոս