Բաժիններ՝

«Զարմանում եմ, որ կառավարության անդամներից որևէ մեկը չասաց, որ արտաքին ֆոնը բացասական է». Բագրատ Ասատրյան

«Վերջին տասը, քսան տարում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը եղել է իրավիճակային: Այսինքն՝ որոշումներ են կայացվել՝ այս կամ այն իրավիճակից ելնելով»,- այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ նոր կառավարությունը գործի համակարգային մոտեցմամբ: «Ես ողջունում եմ այս համաժողովի կազմակերպումը, այն լավ հնարավորություն է, որ տնտեսական, ֆինանսական ոլորտի մասնագետները մատնանշեն խնդիրները, կոնկրետ առաջարկություններով հանդես գան»։

Այս տարվա ամենամեծ ակնկալիքը, ըստ տնտեսագետի՝  հետհեղափոխական կայունություն ապահովելն է, ինչը կա: «Դրական տեղաշարժեր են նկատվում վարկավորման ուղղությամբ, այդտեղ աճ է արձանագրվել: Մեր ունեցած իրավիճակի համար սա աննախադեպ է: Մենք վարկային ներդրումների 10 տոկոսից ավելի աճ ունենք. դա նշանակում է, որ ներքին շուկան դրական է արձագանքում երկրում տիրող փոփոխություններին: Կառավարությունը պետք է ձգտի որոշակի տեսք տալ այդ դրական միտումներին համակարգային մոտեցմամբ»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազմանը՝ Բագրատ Ասատրյանն ասաց, որ պատճառները կապված են ներքին և արտաքին գործոնների հետ:

«Զարմանում եմ, որ կառավարության անդամներից որևէ մեկը չասաց, որ արտաքին ֆոնը բացասական է, պարբերաբար տատանում կա: Դիտարկենք հիմնական հումքատեսակը՝ պղինձը, ոսկին, որն արտահանվում է: Մենք տեսնում ենք, որ պղնձի միջազգային գները վերջին տարիներին 10-11 տոկոսով անկում են ապրել: Հաջորդ գործոնը կապված է Ռուսաստանի հետ: Հայաստանը տնտեսապես շատ խիստ կապեր ունի Ռուսաստանի հետ, իսկ այնտեղ տիրող իրավիճակն իր ազդեցությունն է թողնում մեր երկրի վրա: Այնտեղ տնտեսական աճի տեմպերի նվազում կա պատժամիջոցների ազդեցության ներքո, ռուսական ռուբլին է արժեզրկվում: Իհարկե, սա պետք է ազդեր մեր տնտեսության վրա»,- եզրափակեց տնտեսագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս