«Քաղաքի կենտրոնում ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան՝ ծխախոտ վաճառող կրպակ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ։

«Այսօր նայում ենք, որ բյուջեով կրթության վրա այսքան գումար ենք ծախսում, բայց իրականում ծախսում ենք ավելի շատ, որովհետև կան գերատեսչություններ, որոնք իրենց հերթին՝ ֆինանսավորում են բուհեր։ Ստացվում է՝ ունենք մի իրավիճակ, երբ ուսանողը բուհն ավարտում է, գնում է որևէ գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, ասում են՝ դե, քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում, պետք է գաս մի հատ էլ մեր գերատեսչության բուհում սովորես, երբ քեզ դիպլոմ կտանք, այն ժամանակ էլ կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել։ Չեմ ուզում անդրադառնալ թեմային, թե կողմերից ով է ճիշտ, այս դիպլոմն ինչքանով է ապահովում այդ որակավորումը, ընդունողն ինչքանով է ճիշտ։ Ինձ համար միանշանակ է, որ այս գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում չպետք է լինի»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Ըստ նրա՝ եթե պարզվում է, որ որևէ գերատեսչական բուհ ավելի հզոր բազա ունի, այդ գերատեսչական բուհն ուղղակի պետք է տանել բուհական համակարգ. «Մենք պետք է կոնսոլիդացնենք, գիտությունը, հետազոտությունն ու կրթությունը դնենք նույն հարթության վրա։ Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ և առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա, իսկ մեր ուսանողների քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում։ Քաղաքի կենտրոնում ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան՝ ծխախոտ վաճառող կրպակ։ Քայքայումը սկսվում է այդտեղից։ Մենք պետք է մեր պահանջներն ավելացնենք»։

Նա հավելեց, որ պետք է սկսել միջազգայնացնել հայաստանյան բուհերը, այլ երկրներից ուսանողներ բերել՝ Հայաստանում ուսանելու. «Դա մեր բուհական համակարգը ճգնաժամից հանելու, նոր ամբիցիաներ մեր առաջ դնելու հնարավորություն է տալիս»։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս