Բաժիններ՝

Հայկական դրամը մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է. ԿԲ նախագահ Ջավադյան

Հայկական դրամն ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է: ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված՝ հայկական դրամի 25-ի ամյակին նվիրված ընդունելությանն այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով` ՀՀ կենտրոնական բանկն ունի զարգացած երկրներին բնորոշ դրամավարկային քաղաքականության իրականացման համակարգ և արդյունավետ կերպով կառավարում է գնաճային միջավայրի ռիսկերը` չնայած տնտեսության կառուցվածքային տեղաշարժերին: «Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ և՛ ձևավորման, և՛ մաքրման, և՛ կայացման փուլերով: 25 տարիների ընթացքում, իհարկե, եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց, բոլոր դեպքերում, Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում հայկական դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ»,- շեշտեց նա:

ԿԲ նախագահը նշեց, որ հայկական դրամը տարեցտարի ամրապնդում է վստահությունը քաղաքացիների շրջանում, ինչը փաստում է դրամային ավանդների աճի միտումները:

Արթուր Ջավադյանը շնորհավորեց նաև բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ հայկական դրամի ներդրման օրը նշվում է նաև որպես Բանկային աշխատողի օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս