ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը սաուդացի լրագրողի սպանության գործով ձայնագրություն ունի
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) ձայնագրություն է հայտնվել, որից հայտնի է դառնում, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում սպանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
Պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվինը գրում է, որ արքայազնը հեռախոսով խոսել է իր հարազատ եղբոր հետ, որը ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանն է, և նրան խնդրել որքան հնարավոր է արագ «լռեցնել» Խաշոկջիին:
Սյունակագրի փոխանցմամբ՝ այս ձայնագրությունը քննարկվել է նաև ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջինա Հասպելի Անկարա կատարած այցի ժամանակ:
Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք մուտք գործելուց հետո:
Անհետանալուց շաբաթներ անց հաստատվել է, որ լրագրողը սպանվել է:
Կասկածներ կան, որ լրագրողի սպանության պատվերը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը: