«Համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն». Վալերի Օսիպյան
«Համաներումը դեռևս չի ազդել հանրապետությունում հանցագործությունների թվի աճի վրա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նշանակում՝ «դեռևս»-ը, ու ի՞նչ ժամկետներ է ենթադրում։ «Ցավոք, փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ գրանցվում են կրկնահանցագործություններ։ Արդեն իսկ ունենք երեկ գրանցված անձնական ունեցվածքի գողության դեպք, երբ համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն։ Իհարկե, տա Աստված, որ բոլորն ուղղված լինեն, բայց, կարծում եմ, բոլորի դեպքում չի կարող այդպես լինել, լինելու են մարդիկ, ովքեր նորից հայտնվելու են ՔԿՀ-ներում»,- ի պատասխան՝ ասաց Վալերի Օսիպյանը։