«Եթե վարորդն իր ցանկությամբ իջնում է մեքենայից, ոստիկանը կարող է ստիպել, որպեսզի նա վերադառնա սրահ». Վալերի Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի» 24-րդ հոդվածում, Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի կանգնեցնելուց հետո տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից դուրս չգալու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի պահանջով տրանսպորտային միջոցի խցիկում նստելու պարտականությունը նախատեսելով վարորդների համար:
«Լրացվող պարտականությունը նախատեսվում է՝ ինչպես հասարարական կարգի, այնպես էլ՝ վարորդ-ոստիկան շփման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նպատակով»,- ասաց Օսիպյանը՝ ընդգծելով, որ նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ:
«Ճիշտ հասկացա՞նք, որ երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցնում է, վարորդը պետք է մնա մեքենայի մեջ նստած»,- հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այո, պետք է մնա, սակայն, եթե իր ցանկությամբ իջնում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, ոստիկանը կարող է ստիպել, որպեսզի նա վերադառնա սրահ: Չվերադառնալու դեպքում վրա է հասնում ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը չկատարելը: Ոստիկանը կմոտենա, կներկայացնի խախտումը: Բայց եթե հանկարծ վարորդը դուրս գա, ոստիկանը կարող է պահանջել, որ նա վերադառնա»,- մանրամասնեց Օսիպյանը:
«Դե հիմա ինչն է փոխվում, հիմա էլ է այդպես»,- նկատեց Փաշինյանը:
Օսիպյանն էլ արձագանքեց, որ մինչ այս չի եղել ոստիկանի միջամտության հարցը: Նա ասաց նաև, որ հնարավոր է՝ լինեն դեպքեր, երբ անհրաժեշտություն լինի, որ վարորդը դուրս գա, օրինակ, երբ անհրաժեշտություն լինի բեռնախցիկը բացել, և այլն:
«Այն անեկդոտը հիշեցի, երբ ասում են՝ ամեն ինչ նույնն է մնում, արդյունքում՝ թղթարարությունն է շատանում»,- նկատեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը համաձայն է, որ ընդունված է պրակտիկայում, երբ վարորդի իջնելը կապվում է կոռուպցիոն գործընթացների հետ. «Բա՝ մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու տենց դուրս գանք»: Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց հարցի քննարկումը հանել օրակարգից, նախ՝ սոցիալական գովազդ անել, հասկանալ մարդկանց արձագանքը, ապա՝ ընդունել օրենքը: