«Ես ամեն առիթով ասում եմ, որ Հայաստանում հեղափոխություն եղավ, բայց մեր դրամն ու բանկային համակարգը անփոփոխ մնացին». Արմեն Սարգսյան
Այն փաստը, որ Հայաստանում հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աշխարհում աննկատ չի անցնում: Գործարարների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այդ պայքարն աննկատ չի մնում և ԱՄՆ-ում, և Ռուսաստանում և Եվրոպայում: Սա շատ դրական երևույթ է: Խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու քայլերի մասին է: Մենք ցանկանում ենք ունենալ այն դատարանը, որի մասին մենք երազում ենք, որովհետև չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում ներդրումներ չեն կարող լինել, եթե մարդիկ դատարաններին չեն վստահում: Եթե ուշադիր լինենք աշխարհում ամենամեծ ներդրումային ծավալներ ունեցող երկրներն ունեն լավագույն դատաիրավական համակարգը»,- ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ շատ կցանկանար, որպեսզի Հայաստանում զարգանար նաև արբիտրաժային դատարանի մշակույթը:
ՀՀ նախագահը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարում երկրի բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը:
«Ես ամեն առիթով ասում եմ, որ Հայաստանում հեղափոխություն եղավ, բայց մեր դրամն ու բանկային համակարգը անփոփոխ մնացին: Սա հսկայական առավելություն է մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի, և, եթե Հայաստանում արժույթը և բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, հետևաբար կարելի է երկրին վստահել»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս տարվա ապրիլյան դեպքերը Հայաստանին բարձրացրեցին ամենաբարձր մակարդակի, որովհետև այսօրվա անկայուն աշխարհում մարդկային, գեղեցիկ ձևով տեղի ունեցող գործընթացները դառնում են արժեքավոր։
«Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով յուրօրինակ, ունիկալ երկիր է, որտեղ մեծ փոփոխություն է տեղի ունեցել, պատմական փոփոխություն, հեղափոխություն է տեղի ունեցել, բայց՝ շատ պարզ և մարդկային ձևով: Եվ մենք ինչ-որ իմաստով յուրօրինակ ենք, որովհետև անկայուն աշխարհում կա մի տեղ, որտեղ իր ձևով հեղափոխություն է կատարվել: Այսինքն, սա ամենաբարձր մակարդակն է գործարար շրջանակներում մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը տարբեր է, յուրօրինակ է, հետևաբար Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է տարբեր»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը մեր երկրի իմիջի համար դրական համարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով անցկացումը Երևանում: Արմեն Սարգսյանն այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու համար աշխատանքներ տարած դիվանագետներին, ինչպես նաև կառավարությանը՝ միջոցառումը փայլուն կազմակերպելու և անցկացնելու համար: Արմեն Սարգսյանը հայտնեց, որ հրամանագրեր է ստորագրել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում ներդրում ունեցած մի խումբ անհատների պարգևատրելու մասին: