«Շերեմետևո»-ում Հայաստանի քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի հետաքննությունը կտևի տաս օր
«Շերեմետեւո»-ում Հայաստանի 25-ամյա քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի փաստով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, բախման պատճառների հետաքննությունը կտեւի տասն օր: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն։
«Իհարկե, կլինի,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե անցկացվելու է արդյոք հետաքննություն:-Հանձնաժողով է ստեղծվել»: Նրա խոսքով՝ «Շերեմետեւո»-ի թռիչքավայրէջքային գոտում տղամարդուն տապալած ինքնաթիռը պատկանում է «Աերոֆլոտ»-ին:
Ներադկոն մինչեւ հետաքննության ավարտը հրաժարվել է մեկնաբանել միջադեպի պատճառները: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում մարդու հետ բախված ինքնաթիռը գիշերը Աթենքում վայրէջք էկատարել վնասված ֆյուզելյաժով:
Աթենքի «էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայանի ծառայություններում գործակալությանը հայտնել են, որ Մոսկվայից Beoing-737-ը վայրէջք է կատարել 22:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 00:50-ին): «Ռուսական փոխադրողի ինքնաթիռին թռիչքադաշտում դիմավորել են ոստիկանության եւ վերգետնյա ծառայությունների աշխատակիցները, որոնք վայրէջքից անմիջապես հետո դրսից մանրակրկիտ զննել են օդանավը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ֆյուզելյաժի արտաքին բաղադրիչները զննելիս հայտնաբերվել են կենսաբանական հետքեր ու վնասվածքներ: Որոշում է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել այդ օդանավի թռիչքները: Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 20-ի երեկոյան «Շերեմետեւո»-ից ինքնաթիռի մեկնումից հետո մարդատար հանրանավի անձնակազմը դիսպետչերներին հայտնել էր թռիչքավայրէջքային գոտում թափառքի ժամանակ տեղի ունեցած հնարավոր բախման մասին: Որոշվել էր ինքնաթիռը չվերադարձնել օդանավակայան, քանի որ դրա համակարգերը վնասվածքների ազդանշան չէին տվել:
Դրանից հետո թռիչքուղում հայտնաբերվել են Հայաստանի 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մարմնամասերը, որն ավելի վաղ արտաքսվել էր Իսպանիայից եւ Մադրիդից հայրենիք էր վերադառնում Մոսկվայում միջանկյալ կանգառով: