«Այսօր անհատը մեր երկրին ավելի շատ օգուտ կարող է տալ, քան քաղաքական քոսոտ մի թիմ». Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Բելառուսից Հայաստան է ներմուծվել մեծ քանակությամբ մսամթերք և մտահոգություններ կան, որ այդ մսամթերքը Բելառուսից չէ, այլ որևէ երրորդ երկրից։
«Ինչու մեր կառավարությունն ուշադրություն չի դարձնում այս ամենին։ Մտահոգություններ ունենք, քանի որ չգիտենք՝ այն ժամկետա՞նց միս է, թե՞ ոչ։ Եթե հիշում եք, նախորդ տարի մենք կանխեցինք անորակ սերմերի ներկրումը Բելառուսից Հայաստան, պարենի անվտանգությանն էլ տեղեկացրեցինք, որ Բելառուսն այդպիսի սերմ չի կարող ունենալ, փորձում էին վարակված սերմերը լցնել Հայաստան։ Իրենց շահույթի համար բելառուսներն ամեն ինչի ընդունակ են։ Հիմա էլ մսամթերք ու կաթնամթերք են լցրել, ի՞նչ գիտենք, գուցե չեռնոբիլյան այն հատվածից է եկել, որով Բելառուսի մի մասը վարակվեց։ Եթե այս նույն մարդիկ պետք է ոլորտը ղեկավարեն նույն ոճով և ամենաթողությամբ, բնականաբար, մենք խնդիրներ ենք ունենալու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա՝ վատ կառավարման հետևանքով Հայաստանի նման երկիրը հայտնվել է շատ վատ վիճակում, դրա հետևանք է նաև բելառուսական մսամթերքի ներկրումը Հայաստան։
«Ավելին՝ այս ամենից հետո Լուկաշենկոյի նման պատահական մի մարդ, որն ընդամենը եղել է կոլխոզի նախագահ, փնովում է Հայաստանին էլ, մեր գյուղմթերքն էլ։ Բելառուսական կարագն այս վերջերս փորձարկել ենք, մեջը ճարպային մաս ենք գտել, այսինքն՝ սա այն կարագը չէ, որ Հայաստանի շուկայում հայտնվել է, նույնը մսամթերքի հետ կապված, լուրջ մտահոգություններ ունենք և կասկած ունենք՝ գուցե այն բրազիլական է։ Ռուսաստանն էլ մի տարի առաջ բացահայտեց, որ Բելառուսի արտադրանքը Բելառուսինը չէ»,- ասաց Հրաչ Բերբեյանը:
Նա նաև ընդգծեց. «Այսօր անհատը մեր երկրին ավելի շատ օգուտ կարող է տալ, քան թե քաղաքական քոսոտ մի թիմ»։
Զվարթ Խաչատրյան