«Արցախի նախագահի փարիզյան այցի շուրջ Ադրբեջանն աղմուկ բարձրացրեց, քանի որ միշտ ցանկացել է Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարեն տեսել Թուրքիային»

Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ։
Բակո Սահակյանի փարիզյան այցից անմիջապես հետո Ադրբեջանն աղմուկ բարձրացրեց՝ նշելով, որ կվերանայի հարաբերությունները Ֆրանսիայի հետ.

«Նման այցի հնարավորություն տալով և ընդունելով ապօրինի վարչակազմի ներկայացուցիչներին՝ Ֆրանսիան դեմ է գնում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների ոգուն, ինչպես նաև Փարիզի ու Բաքվի միջև ստորագրված համաձայնագրերին: Դրանով Ֆրանսիան նաև լուրջ կասկածի տակ է դնում իր օբյեկտիվությունը և անաչառությունը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, որը պետք է աջակցի ղարաբաղյան խնդրի կողմերին՝ հակամարտության կարգավորման հարցում»,- հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը:

168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ, պատմաբան Գրիգորի Այվազյանը նկատեց, որ Բակո Սահակյանն առաջին անգամ չէ մեկնում Ֆրանսիա, և քանի որ Ադրբեջանն այս շրջանում սկսել է բոլոր ճակատներում հակահարվածների անցնել, ուստի այս այցի ընթացքում բողոքի նոտա հղեց Ֆրանսիայի իշխանություններին։

«Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հարց, որի արդյունքում Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարեն՝ պետք է ընդգրկվեր իր եղբայրական Թուրքիան։ Չկարողանալով մեծ հարցականի տակ դնել Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին, Ադրբեջանը թիրախ է ընտրել Ֆրանսիային։ Բացի այդ, Ադրբեջանն այս փուլում փորձում է օգտվել միջազգային հարաբերություններում տեղի ունեցող բարդություններից՝ ԵՄ-Միացյալ Նահանգներ, Ռուսաստան-Միացյալ Նահանգներ, և այլն»,- ասաց Գ. Այվազյանը։

Ըստ նրա, այսօր Հայաստանի ղեկավարության օրակարգից այս հարցերը դուրս են մնում, քանի որ օրակարգը հագեցած է ներքին քաղաքական հարցերով։

«Այսօր մեր շուրջը ճակատագրական փոփոխություններ են տեղի ունենում, մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ փոփոխություններին և թույլ չտանք, որպեսզի դրանք լինեն՝ ի վնաս Հայաստանի շահի։ Հուսով եմ, մեր երկրի ղեկավարությունն այս հարցերի շուրջ լուրջ կմտածի»,- նշեց ադրբեջանագետը և նկատեց, որ Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի անկողմնապահությունը կասկածի դակ դնելը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների և պատրաստ չէ Մինսկի խմբի օժանդակությամբ գնալ խաղաղ բանակցությունների։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս