Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ պատվիրված սպանության գործը կքննվի Երևանի դատարանում
Դոնի Ռոստով քաղաքում հայազգի գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ պատվիրված սպանության փորձի գործը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարին՝ Դոնի Ռոստով քաղաքում բնակվող մեկ այլ հայի պատվերով։ Վերջինս գործարարի հետ ունենալով անբարյացակամ հարաբերություններ, նպատակադրվել է սպանել նրան, որի իրականացման համար համաձայնություն է ձեռք բերել Երեւանում բնակվող՝ 1975թ. ծնված տղամարդու հետ, ով Դոնի Ռոստով է մեկնել 2013 թվականի հունվարին։
Մշակված ծրագրի համաձայն՝ Արմայիս Ջոմարդյանի սպանության կատարմանը մասնակցություն է ունեցել 3 անձ՝ պատվիրատուն, անմիջական կատարողը և օժանդակողը, ով պետք է հետեւեր Ա.Ջոմարդյանի տեղաշարժին և նրա գտնվելու վայրի մասին տեղեկացներ պատվիրատուին և կատարողին։ Վերջինս Դոնի Ռոստովում ապահովվել էր բնակարանով, բջջային հեռախոսներով։ Բացի այդ, հանցագործության կատարման համար որպես փոխադրամիջոց օգտագործելու և դեպքի վայրից անարգել հեռանալու նպատակով հանցավոր խմբի կողմից ձեռք է բերվել նաև «ՎԱԶ-2109» մակնիշի, Р 553 ВК 161 հաշվառման համարանիշի, մոխրագույն ավտոմեքենա, որը մինչ հանցագործության կատարումը թաքցվել էր Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղում՝ կազմակերպված խմբի երրորդ անդամի՝ օժանդակողի կողմից:
Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվարի 25-ին, օժանդակողը, նկատելով, որ Արմայիս Ջոմարդյանն իրեն պատկանող «Լեքսուս 470» մակնիշի, Е 005 ЕО 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոննովսկի պողոտայի 101 շենքի մոտ և միայնակ քայլել դեպի «Խնայբանկ», ժամը 18:40-ի սահմաններում զանգահարել և այդ մասին հայտնել է պատվիրատուին, ով կատարողի հետ անմիջապես ուղևորվել է նշված վայրը։ Վերջինս զինված է եղել «Մակարով» տեսակի ատրճանակով, իսկ պատվիրատուն՝ 9 մմ տրամաչափի «ՊՄ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով:
1975թ. ծնված տղամարդը դարանակալած սպասել է գործարարին և սպանելու դիտավորությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց արձակել «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենային մոտեցող Արմայիս Ջոմարդյանի ուղղությամբ, ով, ինքնապաշտպանության նպատակով «WASP R» տրավմատիկ ատրճանակից, պատասխան կրակոցներ է արձակել։ Տղամարդը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներում:
Քննության տվյալներով՝ կատարվող իրադարձություններին հետևել է մոտակայքում գտնվող պատվիրատուն, ով, տեսնելով, որ վիրավորված Արմայիս Ջոմարդյանը ճամփեզրին փորձում է կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ, ավտոմեքենայով մոտեցել է և իր մոտ գտնվող հրազենից 3 կրակոց արձակել նրա ուղղությամբ, ապա՝ դիմել փախուստի:
Արձակված կրակոցների հետևանքով գործարարն ստացել է կյանքի համար վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի հրազենային երկու թափանցող վնասվածքներով՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիքների վնասումով, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով: Դրանից բացի, Արմայիս Ջոմարդյանին հասցվել են նաև աջ դաստակի թափանցող և ձախ նախաբազկի ստորին երրորդի շոշափող հրազենային վնասվածքներ, որոնք Արմայիս Ջոմարդյանի առողջությանը պատճառել են թեթև վնաս: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել՝ ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում։
Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ 1975 թ. ծնված տղամարդը հայտնաբերվել է Երևանում։ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ.-ի կոնվենցիայի համաձայն՝ քրեական գործը նրա մասով ուղարկվել է Հայաստան, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Պատվիրատուի և օժանդակողի մասով նախաքննությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության նախաքննական մարմինների կողմից։
Երեւանի դատարանում դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։