«ՀՀԿ-ն լինելու է այն քաղաքական ուժը, որը թույլ չի տա՝ շեղումներ լինեն իշխանության ծրագրից». Արտակ Դավթյան

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը ռեյտինգային ընտրակարգով  առաջադրվել է Կոտայքի մարզում:

«Իմ դեպքում ավելի շատ պետական շահն է գերակշռել, քան կուսակցականը: Ճնշումներն ու տիրող մթնոլորտը երկրորդում են պետական շահին, և հետո՝ ընտրությունները մեկ բան են ՀՀԿ-ով, մեկ այլ բան՝ առանց նրա: Ինձ համար կարևորն ինքնության պահպանման անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսական բնագավառներն են: Եվ հաշվի առնելով, որ ժամանակը շատ սուղ է՝ մասնակից բոլոր քաղաքական ուժերին առաջարկում եմ օգտագործել դեբատների ձևաչափը:

Մարզի խոշոր բնակավայրերում կազմենք ժամանակացույց, մասնակցեն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ներկա լինեն տեղի բնակիչները, լրագրողները և հարցուպատասխանի ձևաչափով հնարավորինս ընտրողին կարողանանք իրազեկել, ամբողջը տեղափոխենք ծրագրային, գաղափարական հարթություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակ Դավթյանը:

Նրա կարծիքով՝ «Իմ քայլը» ձայների գերակշիռ մասն է ստանալու՝ հաշվի առնելով օբյեկտիվ իրողությունները, իսկ ՀՀԿ-ն լինելու է այն քաղաքական ուժը, որը հարցեր բարձրաձայնելով՝ թույլ չի տա, որ ծրագրից շեղումներ լինեն:

«Մեր ներկայությունը կարող է օգուտ տալ, քանի որ տեսնում ենք՝ իրականում կա որոշակի հաջողությունից գլխապտույտի բանաձևում՝ վարչապետի պաշտոնակատարի թիմում: Բնական է, այս բարձր վարկանիշն այդպես չի մնալու, սակայն այն  նաև պատասխանատվություն է, ուստի պետք է օգտագործել կոնկրետ, գուցե ցավոտ, բայց ծրագրային փոփոխություններ անելու համար: Այս իշխանությունները ժամանակին քննադատում էին մեզ, բայց շատ բաներից չեն հրաժարվում, օրինակ՝ կուտակային կենսաթոշակն  ու մնացածը: Նրանք հիմա մեկ բան  պետք է անեն, այն  է՝ ՀՀ-ն օրենքի երկիր դարձնել, քանի որ ունեն  կարևորը՝  մեծ վստահություն հանրության կողմից»,- ընդգծեց  Արտակ Դավթյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս